Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոպոքն ու ծիրանը Տիգրանաշենում այս տարի շատ են։ Գյուղը հանգիստ իր առօրյան է ապրում, մենակ թե փողոցներում քամու նման մի վատ լուր է պտտվում․ կապիտուլյացիայի հերթական փաստաթղթով, ասում են, Տիգրանաշենը (Քյարքի) եւս անցնելու է թշնամուն։
«Խառը վիճակ է, մենք էլ չգիտենք՝ ինչ է լինելու, ոնց է լինելու։ Չեմ իմանում, առայժմ ոչ ոք չի եկել, ոչ ոք էդ թեմայով չի զրուցել։ Ոչ մի բան չեն ասել։ Ոնց Ղարաբաղից ասին՝ գնացեք, տանը նստած էինք, դափ-դատարկ, դամաշնիկներով դուրս եկանք, թուրքն եկավ տանը նստեց, հիմա էլ նույնն է։ Կամուկացի մեջ ենք, խառը։ Աչքը տեսածից է վախենում։ Ոչ մեկը ոչ մի բան չի ասում, ինչը հեռուստատեսությունից լսում ենք, էդ է։ Ինչ-որ փաստաթուղթ կա, որ ստորագրվի, էս գյուղն էլ է մեջը»,-Yerkir.am-ին պատմեց Տիգրանաշենի բնակիչը, որը Արցախի վերջին պատերազմի ժամանակ գյուղը, տուն-տեղը թողել, եկել, ապաստան է գտել այստեղ։
Նրանց բնակավայրը Հայաստանի իշխանությունը նվիրել է թշնամուն, նրանք էլ, ճարը կտրած, եկել են այստեղ՝ իրենց մյուս տուն․ հիմա վախենում են, որ այս գյուղն էլ կանցնի թշնամուն․ ի՞նչ են անելու, ո՞ւր են գնալու ու ո՞նց են ապրելու, չգիտեն։
Գյուղացիները Տիգրանաշենը թշնամուն հանձնելու մասին միայն խոսակցություններ են լսել․ ոչ մեկը չի եկել, ոչինչ չի ասել, չի հետաքրքրվել։ Գյուղում հարաբերական անդորր է․ ասում են՝ ոչինչ էլ չի լինելու, բայց գյուղացիները ներքին վախ ու անհանգստություն ունեն։ Կատակում են՝ լավ ենք, առողջ ենք։
«Չէ, չէ, էդպիսի բան չկա, ամեն մարդ իր գլխի տերն է, ոչ մեկը չի եկել, խոսել, գյուղում ոչինչ չեն ասում, ոչ մի բանի մասին խոսակցություն չկա»,-Yerkir.am-ին պատմեց գյուղացիներից մեկը, որն Արցախի առաջին պատերազմի ժամանակ մազապուրծ փախել է Բաքվից եւ հաստատվել այս գյուղում։
Հոգսը փորձում են այգում մոռանալ․ ընկույզը քիչ-քիչ խոշորանում է, մի երկու շաբաթ էլ անցնի, կքաղեն մուրաբայի համար։ Ասում են՝ շոգ տարի է։