կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 19:36
Տնտեսական

Փորձագետ. ԿԲ-ի որոշումը կապված է ընտրությունների հետ, որից հետո կրկին դրամի տատանում եւ ինֆլյացիայի աճ կլինի

Փորձագետ. ԿԲ-ի որոշումը կապված է ընտրությունների հետ, որից հետո կրկին դրամի տատանում եւ ինֆլյացիայի աճ կլինի

Եթե ամեն ինչ շարունակվի ճիշտ այնպես, ինչպես հիմա է, ապա ընտրություններից հետո երկրի արտարժույթի շուկայում կարելի է ակնկալել փոխարժեքի լուրջ տատանումներ, ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք, ինֆլյացիայի աճ, առաջին անհրաժեշտության ներմուծվող ապրանքների, ինչպես նաեւ հումքի գների աճ: Այս մասին մայիսի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու որոշում կայացվեց` այն հասցնելով 6%-ի:

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կանխատեսելի էր, վերջին անգամ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները հայտարարել էին, որ արտարժույթի շուկայի վրա ճնշման լուրջ գործոններ չկան, ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը չեն բարձրացնում՝ հաշվի առնելով, որ նախկինում այն արդեն իսկ զգալիորեն ավելացվել է:

Նա կարծիք հայտնեց, որ խորհուրդը առաջնորդվել է նրանով, որ շուկան կարգավորվում է, թեեւ ակնհայտ է, որ ազգային արժույթի արժեզրկմանը նպաստող գործոններ կան, եւ դրանք խորանում են:

«Սրա հետ կապված՝ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ ներդրումները եւ տնտեսական ակտիվությունը խթանելու համար: Կենտրոնական բանկը, ամենօրյա ռեժիմով իրականացվող միջամտությունների հետ մեկտեղ, այժմ ստիպված է նաեւ բարձրացնել տոկոսադրույքը: Միջամտություններն իրականացվել են պահուստների հաշվին, ինչը կրկին համարվում է պետական ծախս: Հենց պահուստների նվազումը բերում է երկրի վճարունակության ռիսկի եւ վարկանիշի իջեցման»,- պարզաբանեց փորձագետը:

Երկրորդ գործիքակազմը կիրառվել է կապված այն բանի հետ, որ ֆինանսական շուկայի կայունությունը հնարավոր չէր ապահովել միայն միջամտություններով, թեկուզ կարճաժամկետ հեռանկարում։ Եթե դա չարվեր, ապա, Ավետիսյանը համոզված է, մենք կբախվեինք դրամի արժեզրկման եւ ինֆլյացիայի հերթական ալիքին:

«Երկու գործիքակազմն էլ Կենտրոնական բանկը կիրառում է իշխանությունների ցուցումով՝ առաջիկա ընտրությունների հետ կապված, հաշվի չառնելով այն վնասները, որոնք զարգացման առումով հասցվում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարին: Սա միայն կարճաժամկետ ազդեցություն կունենա»,- ընդգծեց նախկին փոխնախարարը:

Նա նշեց, որ այժմ Հայաստանի իշխանություններն ընտրությունների նախօրեին փորձում են զսպել բացասական հետեւանքները, սակայն հիմնարար գործոնները շարունակում են բացասական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա:

«Իշխող ռեժիմի ներկայացուցիչներն առաջնորդվում են սեփական քաղաքական շահերով եւ չեն հետապնդում տնտեսական զարգացման հետ կապված նպատակներ: Սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնց մասին վերջերս խոսում են իշխանությունները, պոպուլիստական բնույթ է կրում: Այս պահվածքը, մեծ հաշվով, կաշառք է նախընտրական շրջանում եւ չի բխում երկրի օբյեկտիվ շահերից: Խնդիրները չեն լուծվում, այլ քողարկվում են, ինչի մասին վկայում է աշխատատեղերի կրճատումը, բնակչության եկամուտների անկումը, աղքատության մակարդակի եւ գործազրկության ցուցանիշների աճը: Ընտրազանգվածին իրենց կողմը գրավելու համար նրանք անմտորեն բաժանում են պետական միջոցները: Իշխանությունների կողմից վարվող նման քաղաքականությունը բերում է տնտեսության փլուզման»,- եզրափակեց տնտեսագետը:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 4-ին հայտարարել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորված չէ առաջիկա արտահերթ ընտրություններով: