կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 23:10
Քաղաքական

Մեղրիի քաղաքապետին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացվեց, այն կքննի դատավոր Վահե Միսակյանը

Մեղրիի քաղաքապետին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացվեց, այն կքննի դատավոր Վահե Միսակյանը

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Վաղը՝ 13։00-ին տեղի է ունենալու դատական նիստ»,- հայտնեց փաստաբանը։

Նշենք, որ քիչ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ Մեղրիի քաղաքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց։

Փաստաբան Պապոյանն ասաց, որ այս պահին ընտրված խափանման միջոց չկա. «Արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը»։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նշենք, որ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

 

Տես նաև՝ Դատարանը Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ. Գայանե Պապոյան: