Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ ուղեկցությամբ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վահագն Աթաբեկյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանը նախարար Օհանյանը Նորին Սրբությանը փոխանցել է Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ իբրև Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 24-ի՝ Հայոց ցաղասպանության հիշատակի արարողություններին:
Նախարարն ընդգծել է նաև, որ լիբանանահայության համար ևս պատմական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծումն առաջնային է և հայ համայնքն իր հնարավորությունների սահմաններում փորձում է նպաստել դրանց հաղթահարմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարար Վարդինե Օհանյանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել վերջինիս այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիք այցելության համար: Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդներին պատուհասած արհավիրքներին, վստահություն է հայտնել, որ դրանք կհաղթահարեն Աստծու օգնականությամբ, լավատեսությամբ ու պատմական փորձառության շնորհիվ: Հայոց Հայրապետն իր հերթին ի դեմս նախարարի՝ իր ողջույններն ու բարեմաղթություններն է փոխանցել Լիբանանի նախագահին և կառավարությանը:
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Լիբանանի իշխանությունները մշտապես աջակցել են Հայաստանին և բարձր գնահատել լիբանանահայ համայնքի գործունեությունն ի նպաստ Լիբանանի զարգացման ու առաջընթացի:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև լիբանանահայության կյանքին և դիմագրաված դժվարություններին՝ կարևոր նկատելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համայնքի պահպանման և զորացման գործում: