Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը տարածել է կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը, որում ասվում է․
«Մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գիտնականները, ձեռնարկությունները, կառավարությունները, բարերարներն ու բազմանդամ կառույցները միավորվեցին և արեցին անհնարինը. ռեկորդային ժամկետում փորձարկվեց, առաքվեց և մեկնարկեց պատվաստումների անվտանգ իրականացման գործընթացը: Այս ամենը հիացմունքի է արժանի, բայց պայքարը դեռ չի ավարտվել: Աշխարհով մեկ ի հայտ են գալիս վիրուսի տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը զանգվածային գլոբալ հետընթացի վտանգ է պարունակում:
Պատվաստանյութերի ներկայիս քանակը չի կարող լիովին բավարարել պահանջարկը: Առավել ևս, երբ հասանելի խմբաքանակը կենտրոնացած է քչերի ձեռքում: Որոշ երկրներ իրենց բնակչությանը մի քանի անգամ պատվաստելու համար բավարար չափաբաժիններ են ձեռք բերել, մյուսներն՝ անգամ առաջին չափաբաժինը դեռ չեն ստացել: Սա վտանգում է բոլորիս: Վիրուսը և դրա մուտացիաները կհաղթեն:
Վարակից առաջ անցնելու և շարժը նվազեցնելու համար, հիմնվելով առաջնագծում աշխատողների պատվաստման ռազմավարության վրա, պետք է մշակենք և իրականացնենք այնպիսի ռազմավարություն, որն, իսկապես, պատվաստումների հասանելիության արդարացի հնարավորություն կստեղծի: Հորդորում ենք կառավարություններին, մասնավոր հատվածին և գործընկերներին երեք հրատապ քայլ կատարել:
Նախ` պարզեցրեք մտավոր սեփականության գործընթացը՝ հեղինակների կողմից նախապես կամավոր լիցենզավորման միջոցով: Բայց միայն դրանով գործընթացը չի արագանա: Ի տարբերություն դեղորայքի, պատվաստանյութերի արտադրությունը բարդ գործընթաց է, որն ունի բազմաթիվ բաղադրիչներ և ուղեկցվում է միաժամանակյա քայլերով: Մտավոր սեփականության իրավատերերը հեղինակային իրավունքին զուգահեռ պետք է նաև տեխնոլոգիական համագործակցություն ցուցաբերեն, ինչպես նաև տրամադրեն առկա գիտելիքն ու առանց աշխարհագրական կամ ծավալային անհարկի սահմանափակումների ենթապայմանագրերի հնարավորություն: Այս մարտահրավերը պահանջում է ոչ թե հեղինակային իրավունքից հարկադիր հրաժարում, այլ նախաձեռնողական գործընկերություն և համագործակցություն: Արտադրական վերջին գործընկերությունները, ինչպիսիք են Pfizer-BioNtech-ը, AZ-SII, J&J-Merck և J&J-Aspen-ը հուսադրող օրինակներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է մյուսներին հետևել այդ օրինակին՝ մեծացնելու արտադրական կարողությունների ծավալներն ու աշխարհագրական բազմազանությունը:
Թեև շուկաները միայնակ չեն կարող երաշխավորել, որ բոլորը օգտվեն նորարարության ընձեռած հնրավորություններից, կամավոր լիցենզավորումը, համախմբված ֆինանսական միջոցները և բազմանդամ գործակցությունը, ինչպիսին է COVAX-ը, ստեղծողների և արտադրողների համար իրատեսական և արդյունավետ միջոց են համագործակցելու, նորարար մոտեցումներ ցուցաբերելու և խրախուսելու արդարացի հասանելիությունը:
Երկրորդ, պետք է վերջ դնենք պատվաստանյութերի ազգայնականացմանը: Կառավարությունները պետք է վերացնեն արտահանման և ներմուծման վերահսկման ուղղակի և անուղղակի մեխանիզմները, որոնք խոչընդոտում, սահմանափակում կամ դանդաղեցնում են ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի, բաղադրիչների և համապատասխան պարագաների արտահանումը: Վարակները սահմաններ չեն ճանաչում: Յուրաքանչյուր երկրում կորոնավիրուսին պարտության մատնելը նշանակում է հաղթել նրան ամբողջ աշխարհում՝ ապահովելով պատվաստանյութերի մատակարարումների կայուն հոսք բոլորի համար:
Եվ, վերջապես, այն կառավարությունները, որոնք այս տարի պայմանագիր են կնքել ստանալու ավելի շատ «ապագա չափաբաժիններ», քան պահանջվում է այս տարի իրենց ամբողջ չափահաս բնակչության պատվաստման համար, պետք է անհապաղ փոխառություն տրամադրեն, վերադարձնեն կամ նվիրաբերեն պայմանագրով ձեռք բերված ավելցուկային չափաբաժինների մեծ մասը կամ ամբողջը COVAX-ին, որպեսզի դրանք հավասարապես բաշխվեն այլ երկրներ:
Ի լրումն, այն պետությունները, որոնք ունեն արտադրված և մատակարարված չափաբաժինների բավարար քանակ, պետք է մտածեն իրենց հասանելի դարձած չափաբաժինների առնվազն 5 տոկոսն անհապաղ նվիրաբերելու մասին և հանձնառություն ստանձնեն ողջ տարվա ընթացքում մեծացնել իրենց նվիրաբերումների քանակը՝ մատակարարման աճին զուգահեռ: Չափաբաժինները «կիսելու» հանձնառության հավաստումն ավելի կանխատեսելի կդարձնի, կարագացնի արդարացի բաշխումը և կօգնի կայունացնել պատվաստանյութերի համաշխարհային շուկան:
Կորոնավիրուսային համավարակը ցույց տվեց, որ ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ պաշտպանված չեն բոլո՛րը: Բայց, ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի արդարացի բաշխումը մեր ձեռքում է: Մենք ապացուցել ենք, որ աշխարհը կարող է միավորվել՝ անհնարինն անելու համար, և մենք պետք է դա նորից անենք: Որքան շուտ դա անենք, այնքան շուտ մեր և մեր երեխաների կյանքը բնականոն հուն կվերադառնա»: