կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 15:28
Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման մեկնարկի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման մեկնարկի մասին

Անկարան և Բաքուն սկսել են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման ծրագրի կետերը․ ապրիլի 7-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նրա խոսքով՝  արդիականացման նպատակներից մեկը երկու եղբայրական երկրների բանակների փոխգործակցության մակարդակի բարձրացումն է:

«Մենք պատրաստել և գործարկել ենք ճանապարհային քարտեզ, որն ուղղված է ադրբեջանական բանակի վերազինմանը և արդիականացմանը` ժամանակակից պահանջներին համապատասխան, և հետագայում երկու եղբայրական երկրների բանակների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը», - Աքարի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Աքարը նշել է, որ 2021 թվականին անցկացվել են երկու համատեղ զորավարժություններ, որոնք ուղղված էին համագործակցության ամրապնդմանը:

«Թուրքիան և Ադրբեջանը վճռական են՝ պաշտպանելու իրենց շահերը, կայունությունը, և բոլորը պետք է իմանան, թե ինչի ենք ընդունակ»,- ասել է նախարարը:

2021 թվականի փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր այնպիսի բանակ ստեղծելու մտադրության մասին, որը թուրքական զինված ուժերի ավելի փոքր օրինակը կլիներ: