կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 11:37
Աշխարհ

Շոյգուի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ աշխատանքը բարդ է, բայց՝ արդյունավետ

Շոյգուի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ աշխատանքը բարդ է, բայց՝ արդյունավետ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ կառուցելը շատ դժվար է, բայց, միևնույն ժամանակ, արդյունավետ աշխատանք է․ կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի ղազախական Tengrinews գործակալությանը տված հարցազրույցում:

«Եթե խոսքը Թուրքիայի հետ հարաբերությունների մասին է, մենք կատարում ենք շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք: Համատեղ աշխատանք: Դժվար է, քանի որ դրան խոչընդոտում են, և խոչընդոտում է այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց սա ինքնին, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, իսկ մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ »,- ասել է նա:

Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվում է փոխզիջումներ գտնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա անհնարին է թվում: «Օրինակ՝ Իդլիբի ապաէսկալացման գոտին. ընդհանուր առմամբ, Սիրիայում մի ժամանակ դեէսկալացման գոտիներ ստեղծելը, մեր կարծիքով, նոր էջ և նման հակամարտությունների լուծման նոր մեխանիզմ է»,- պարզաբանել է ռուսաստանցի նախարարը:

Շոյգուն հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ պարեկություն է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում: «Եվ մենք մասնակցում ենք ահաբեկիչների դեմ պայքարին: Մենք միասին, բավականին հաճախ, համատեղ աշխատում ենք օդային տարածքում: Եվ մենք կարգավորում ու վերահսկում ենք շատ անցակետեր, միասին զբաղվում ենք փախստականներով»,- ասել է նախարարը:

Բացի այդ՝ նա հիշեցրել է ռուս-թուրքական համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: «Սա շատ բարդ գործողություն է: Ես այդպես կուզեի անվանել այն և ոչ այլ կերպ: Քանի որ դրանում ներգրավված էր վեճերի, տարրերի, դրդապատճառների մեծ քանակ»,- նշել է Շոյգուն:

Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տիտանական ջանքեր է գործադրել» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Ստիպված էինք համոզել բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, որ կասեր. «Ես համաձայն եմ, պարզապես համոզիր նրանց»: Ո՛չ, իհարկե, մենք ստիպված էինք համոզել բոլորին»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը: