կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 22:17
Քաղաքական

2020թ. պատերազմ. նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները

2020թ. պատերազմ. նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները

2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան և Հայաստանի իշխանությունների կապիտուլյացիան Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար ունեցան աղետալի հետևանքներ՝ հազարավոր զոհեր ու գերիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, նյութական ու բարոյահոգեբանական ահռելի կորուստներ, «Լեռնային Ղարաբաղի հարակից» բոլոր տարածքների կորուստ, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի շրջանների հատվածների, Շուշի և Հադրութ քաղաքների կորուստ, հայկական բանակի ջախջախում, Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ տարածքների վերաձևում՝ ի նպաստ Ադրբեջանի, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում և անհուսալի ու անպատասխանատու գործընկերոջ համբավի վաստակում:

Ակնհայտ է, որ թեև նման ահռելի կորուստների դեպքում դժվար է միմյանցից տարանջատել ներքին և արտաքին գործոնները, այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային տեղը ծավալված իրադարձություններում առաջնային է դարձնում արտաքին հարաբերությունների ուսումնասիրությունը՝ հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո, քանի որ այդ պատերազմից առաջ արդեն պարզ էր, որ կուտակվում են բազմաթիվ մարտահրավերներ, և թույլ են տրվում սկզբունքային սխալներ, որոնք վտանգում են հակամարտության կարգավորման գործընթացը: Սակայն, ձախողումները չսահմանափակվեցին կարգավորման գործընթացով և անգամ պատերազմով: Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Հայաստանի գլխովին ձախողված քաղաքական ղեկավարությունը, արհամարհելով մարդկության պատմության պոստուլատներից մեկը՝ «պարտված իշխանությունը պետք է հեռանա», ամեն կերպ կառչած է մնում իշխանությանը՝ հնարավորություն չստեղծելով նոր կառավարության ձևավորման ու չափազանց բարդ խնդիրների լուծման համար: Պատերազմի արդյունքում կրած աղետալի կորուստները, որոնք ահագնանում են նաև հրադադարի հաստատումից հետո, հետագա զարգացումների հետ կապված անորոշություններն ու չարագուշակ ենթադրությունները պահանջում են գնահատել 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ազդեցությունն այդ պատերազմի արդյունքների և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա՝ խորացող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում: Քանի որ արդբեջանաթուրքական ագրեսիան կտրուկ մեծացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության սպառնալիքները, հայության առջև ծառացել են վերջին հարյուրամյակի համար աննախադեպ  մարտահրավերներ: Կործանումից խուսափելու և չափազանց բարդ մարտահրավերները հաղթահարելու համար պահանջվում է վերարժևորել երեք տասնամյակի անկախության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, հաջողությունները, ձախողումներն ու սխալները, բացահայտել դրանց հիմքերն ու պատճառները:  Այս ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների ձախողումների պատճառները, որոնք հանգեցրին աղետի, գնահատել այդ ոլորտում առկա իրավիճակը և ուրվագծել այն խնդիրները, որոնց լուծումը թույլ կտա հաղթահարել աղետալի իրավիճակը, ապահովել Հայաստանի Հանրապետության վերածնունդն ու փրկել Արցախը:

Աղբյուրը՝ Luys.am