Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անսահման համեստ էր, հանբերատար, հումորի բարձր զգացումով, բնավորությամբ՝ քաջ, արի, պատրաստակամ: Ալբերտի մասին երբեք անցյալով չեմ խոսում, նա ամենուր մեզ հետ է: Այսօրվա իրադարձությունն էլ` որպես վկայություն. նա ամեն վայրկյան հիշեցնում է իր մասին: Yerkir.am-ի հետ զրույցում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հերոսի անվան բաժանմունքի բացման ժամանակ այս մասին ասաց Արցախյան վերջին պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ Մանիկ Աճեմյանը:
«Ալբերտը ամենա-ամենան էր, նա աշխարհ է, նա հայրենիք է»,- հպարտությամբ նշեց հերոսի մայրը:
Ալբերտ Հովհաննիսյանի անունով բաժանմունքի բացմանը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կոնտրոնի տնօրեն Ավետիս Ավետիսյանը պատմեց, թե ինչու են որոշել բաժանմունքը Ալբերտի անունով կոչել:
«Ամբողջ պատերազմի ընթացքում բաժանմունքը հարյուրից ավելի զինվորների միկրովիրաբուժական միջամտությունների եւ պլաստիկ վիրահատությունների է ենթարկել: Ոմանց կյանքն է փրկվել, ոմանց կյանքի որակը բարձրացել: Զինվորներին տրվել է նորից լիարժեք կյանք վերադառնալու հնարավորություն: Կոչելով բաժանմունքը Ալբերտի անունով՝ մենք փորձեցինք անմահացնել Ալբերտին եւ բոլոր այն տղաներին, որոնք հիմա մեզ հետ չեն»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:
Խնդրեցինք Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին, հերոս որդու՝ կադրից դուրս մնացած սխրագործությունների մասին պատմել:
«Նա օր ու գիշեր պատերազմել է: Արկերի մնացորդներից երեւում է, որ նա օր ու գիշեր չի քնել: Մտածում էր՝ իր ամեն կրակոցը փոխելու է պատերազմի իրավիճակը: Բայց, բոլորս տեսանք, թե մենք ում դեմ ենք կռվում, ինչպիսի պատրաստվածությամբ են պատերազմում մեր թշնամիները»,-պատմեց հերոսի հայրը: Շեշտում է՝ մինչեւ վերջին րոպեն Ալբերտը հերոսաբար կռվել է, չի ընկրկել, չի վախեցել:
«Երբ խոսում էր ինձ հետ, վախի կամ այլ բաների մասին չէր էլ մտածում: Ամեն անգամ ինձ հետ խոսելիս ասում էր. «Լավ է, ամեն ինչ նորմալ է, պա'պ, հանգիստ եղեք»,- հիշում է Ալբերտ Հովհաննսիյանի հայրը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Լիանա Սարգսյան