կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 15:31
Հասարակություն

Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ներկայացուցիչները

Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ներկայացուցիչները

Առավոտյան ժամը 9-ի սահմաններում էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման, բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:  

«Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ ոստիկանությունը շարունակում է ծառայել որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր»,- նշված է ուսանողական միության հաղորդագրության մեջ։

Փաստենք, որ և՛ Տարոն Ղազարյանը, և՛ Հայկ Մանուկյանը, ինչպես նաև բերման ենթարկված բազմաթիվ այլ դաշնակցականներ, Արցախյան վերջին գոյապայքարի ողջ ընթացքում և եռակողմ հայտարարությունից շաբաթներ անց գտնվել են հյուսիսային առաջնագծում՝ աննվաճ պահելով Մարտակերտի շրջանի հյուսիսային դիրքերը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանների կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել ՀՅԴ Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանն ու շուրջ երկու տասնյակ դաշնակցականներ, որոնք խաղաղ ակցիա էին իրականացնում Երևանի Մհեր Մկրտչյան փողոցում:

Yerikr.am-ին  ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի գրասենյակից տեղեկացրին, որ բերման ենթարկվածներն իրականացրել են «Նիկո՛լ, դավաճա՛ն» ակցիան և այդկերպ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել դեպի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Խաղաղ ցուցարարներին առանց որևէ լուրջ հիմքի բռնի կերպով բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն աչքի է ընկել իր փողոցային, խուժան պահվածքով։ Ոստիկանների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն թույլ չտված խաղաղ ցուցարարներին բռնի կերպով ոստիկանական մեքենա նստեցնելու ժամանակ կարմիրբերետավորներից մեկը վիրավորել է ցուցարարներից մեկին՝  անվանելով «քա*լան»։