Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ջավախքի բնակիչներն այսօր հավաքվել էին Ախալքալաքի կենտրոնում՝ իրենց բողոքն արտահայտելու փակ սահմանների, ինչպես նաև գումար աշխատելու հնարավորության բացակայության դեմ: Նրանք մտել են քաղաքապետարան՝ իրենց բողոքը հայտնելու իշխանություններին: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները բարձրացրել են բազմաթիվ խնդիրներ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին տարբեր գյուղերի և քաղաքների բնակիչներ հավաքվել էին Ախալքալաքի կենտրոնում և պայմանավորվել հավաքվել փետրվարի 3-ին։ Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակում, մարդիկ սկսել են հավաքվել 13:00-ից։
Մոտ 100 ցուցարար մտել է քաղաքապետարան: Քաղաքապետարանի նախասրահում քաղաքապետ Յուրիկ Հունանյանը հանդիպել է նրանց հետ:
Ցուցարարները նշել են, որ սահմանները փակ են, իրենք չեն կարող գնալ աշխատանքի, և հաց վաստակելու միջոց չկա: Ցուցարարները քաղաքապետին հարցրել են, թե ինչպես կարող են 400 լարի վճարել գազի դիմաց, ընդ որում՝ կոմունալ վճարների փոխհատուցումը կառավարության ծրագրով չի տարածվում Ջավախքի վրա, քանի որ բարձր լեռնային պայմաններում սպառումը մեծ է և չի ընկնում փոխհատուցման ծրագրի տակ: Բողոքողները բարձրացրել են նաև վարկերի հարցը, քանի որ ստեղծված իրավիճակի պատճառով կարող են կորցնել իրենց տները, որոնք գրավի տակ են:
Ոմանք անդրադարձել են նաև անձնագիր ստանալու խնդրին, գյուղմթերքի գներին։ Ցուցարարները նշել են, որ հիմնական պահանջը սահմանների բացումն է, և մեկ շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի իշխանությունները պատասխանեն իրենց պահանջին:
Քաղաքապետ Յուրիկ Հունանյանը նշել է, որ չի կարող խոստանալ, որ սահմանները կբացվեն, և բոլորին թույլ կտան մուտք գործել Հայաստան կամ այլ տեղ, բայց հորդորել է, որ բարձրացված որոշ հարցերով մարդիկ առանձին դիմեն իրենց՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: