Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:
Մեր զրուցակիցը ներկայացրել է այն գաղափարը, որի շուրջ հավաքվել են, այն ծրագրերն ու անելիքները, որոնք առաջիկայում կիրականացնեն:
Դեմոյանից փորձել ենք պարզել նաեւ՝ եթե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, արդյոք իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի դրանց:
–Պարո՛ն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք քաղաքականությամμ զբաղվել եւ մտադրություն ունեք կուսակցություն հիմնելու: Տեղեկությունը ճի՞շտ է, արդյոք սկսելո՞ւ եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:
Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է:
Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի:
Շարունակվող անկումնային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու:
Ես ուղղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինելին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ որեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի:
Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, հանդիսանալու է երրորդ ուժ՝ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ, ամենակարեւորը, քաղաքական մշակույթով:
-Այս պահին, որպեսզի ես ապահովեմ ժողովրդավարական սկզբունքը, ես չեմ ցանկացել նույնիսկ պարտադրել իմ ցանկացած անունը:
Որպես քաղաքական կրեդո՝ ես կարծում եմ, որ պետք է ունենա ազգային ուղղվածություն, չենք տարվելու, այսպես ասած, մոդայով, որը քայքայիչ ազդեցություն է գործում հասարակության վրա, ընդվզման ալիքի տեղիք է տալիս:
Մենք փորձելու ենք պահպանել ազգային արժեքները, այսինքն՝ կուսակցությունը դառնալու է մի գործիք, որով Հայաստանն իր մշակույթով, իր ներկայով եւ անցյալով ադապտացվելու է շատ արագ զարգացող աշխարհին:
Այո, մեր առջեւ բարդ խնդիրներ են դրվելու, որովհետեւ մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, ու կուսակցությունը պետք է փորձի հնարավորինս պահել այն կարեւոր միջուկը, որը եկել է դարերի խորքից, բայց այդ ավանդապաշտ լինելը կամ
«ազգային արժեքներ» արտահայտությունը, որը հիմա խորթ է ներկայիս իշխանությունների համար, խնդիր է դրվելու պահպանել այն, ինչ որ մնայուն է, այն, ինչ որ անհերքելի է, դրա հետ մեկտեղ կողմնորոշվենք եւ դառնանք համարշխարհային գործընթացների մասնակից:
–Պարո՛ն Դեմոյան, քանի որ իշխանություններն այժմ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արդյոք պատրաստվո՞ւմ եք Դուք նորաստեղծ կուսակցությունով մասնակից լինել ընտրություններին:
-Մենք մեր առջեւ սպորտային նպատակներ չենք դրել, որովհետեւ ամենակարեւոր խնդիրն է հենց այդ կուսակցությունը կառուցելը:
Եթե մենք փորձենք ժամկետներ սահմանել մեզ համար, որ կուսակցությունը պարտադիր պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա մենք խիստ սահմանափակում ենք մեր՝ հիմնարար կառույց ստեղծելու սկզբունքը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։