կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-11 21:55
Քաղաքական

Փաշինյանն ընդմիշտ տապալեց գերիների հարցը, քանի որ նրա հետ ոչ ոք չի բանակցում. Գեւորգ Կոստանյան. 168.am

Փաշինյանն ընդմիշտ տապալեց գերիների հարցը, քանի որ նրա հետ ոչ ոք չի բանակցում. Գեւորգ Կոստանյան. 168.am

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը՝ նշելով սակայն, որ համատեղ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ լուծվել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը:

168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն ասել է, որ դեռեւս շուրջ մեկ ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում է ինքն ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու լուծել գերիների վերադարձի հարցը:

«Դեռ այն ժամանակ եմ ասել, էլ ինչպե՞ս է պետք բացատրել մարդկանց, որ նա չի կարողանալու լուծել այս հարցը: Եվ այսօր Փաշինյանը տապալեց գերիների հարցը, ու ստիպված ինքը հայտարարեց այդ մասին»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե եթե գերիները չէին վերադարձվելու, ուրեմն ինչո՞ւ  է Նիկոլ Փաշինյանը ստորագրել տրանսպորտային ուղիների ապաշրջափակում ենթադրող հայտարարության տեքստի տակ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչն ասել է, որ Փաշինյանը շարունակում է գործել Հայաստանի շահերի դեմ՝ առանց դրա դիմաց որեւէ բան ստանալու:

«Փաշինյանի հետ ոչ ոք չի բանակցում: Նրան ներկայացնում են փաստաթուղթ, եւ ինքը դա ստորագրում է: Եվ այսօրվա հանդիպումից հետո արված հայտարարությունն էլ դրա վառ օրինակն էր, եւ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը տապալեց ընդմիշտ: Նա չունի ունակություն գերիների հարցը լուծելու համար, եւ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ քանի դեռ այդ մարդն իշխանության է, մեր գերիները շարունակելու են մնալ Ադրբեջանում»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե արդյո՞ք գերիների վերադարձի հարցը լուծում ունի, Գեւորգ Կոստանյանն ասել է՝ միանշանակ:

«Բացի այն, որ իրավական առումով բոլոր հիմքերը կան այդ հարցը լուծելու, ով էլ լինի երկրի ղեկավար, Նիկոլ Փաշինյանից բացի, կլուծի այդ հարցը, որովհետեւ այդ հարցը չի լուծվում՝ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված, որովհետեւ նրա հետ չեն բանակցում, ու կարծում եմ, որ մեր ժողովուրդը համոզվեց, որ այսօր էլ չեն բանակցել: Ուղղակի իր առաջ դրել են փաստաթուղթ, եւ ինքը ստորագրել է՝ առանց իր առաջ քաշած պայմանները քննարկման առարկա դարձնելու»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե կարո՞ղ էր արդյոք չստորագրել այսօրվա հայտարարությունը, եթե գերիները չէին վերադարձվելու, նա ասաց, որ հանուն Հայաստանի շահերի գործող ցանկացած ղեկավար կարող էր դա չստորագրել:

«Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ոչ միայն չեն բխում Հայաստանի շահերից, այլեւ, ինչպես մենք տեսանք այս տարիների ընթացքում, հակասում են Հայաստանի շահերին, ինքը ստորագրեց այդ փաստաթուղթը: Փաստորեն, այսօր եւս նա ստորագրեց փաստաթուղթ, որը բխում էր ոչ թե մեր, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Եվ նույնիսկ հիմա, երբ Հայաստանի ժողովրդին հուզող ամենակարեւոր հարցն ըստ էության գերիների վերադարձի հարցն էր, նա չկարողացավ լուծել այդ հարցը»,- եզրափակել է Գեւորգ Կոստանյանը: