կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 11:54
Տնտեսական

2020-ը կամփոփենք երկնիշին մոտ տնտեսական անկմամբ․ Թադևոս Ավետիսյան

2020-ը կամփոփենք երկնիշին մոտ տնտեսական անկմամբ․ Թադևոս Ավետիսյան

2020 թվականի տնտեսական անկման ակտիվության ցուցանիշը շարունակվում է, սա պետք է փաստենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Նկատենք, որ 7.2% տնտեսական ակտիվության անկում ունենք 11 ամսվա կտրվածքով, իսկ 2019 թվականի նոյեմբերը 2020-ի նոյեմբերի նկատմամբ՝ 10%։ Այս բարձր տեմպը շարունակվում է, և մենք 2020-ը կամփոփենք երկնիշին մոտ տնտեսական անկմամբ»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, 2020-ը մեր տնտեսական պատմության մեջ բացառիկ ճգնաժամային տարի է դառնալու և դրա հիմնական պատճառները նախ և առաջ պետք է փնտրել տնտեսության պետական կարգավորման մեջ։

«Երկուսուկես տարի է` իշխանափոխությունից հետո օտարերկրյա ներդրումները նվազում են մեր երկրում։ Մենք ականատեսն էինք շատ վտանգավոր երևույթի ՝ կապիտալի փախուստ էր տեղի ունենում և սրա պատճառը, թերևս, մեկն է՝ քաղաքական անկայունություն և անորոշություն։ Այսինքն՝ քաղաքականությունն ազդեց տնտեսության վրա, քաղաքական անկայունությունն իրական ռիսկ էր մեր նման երկրում, և սա տնտեսական չափելի ռիսկ է, որն ունեցավ իր հետևանքները՝ շատ կոնկրետ»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, այն տնտեսական հեղափոխության փոխարեն, որը խոստացավ օրվա իշխանությունը, տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ կապիտալի փախուստ երկրից և նաև իրական տնտեսության նվազում։

«Չնայած մենք 2018 թվականին արձանագրեցինք 5%-ին մոտ տնտեսական աճ, բայց հիշենք, որ առաջին չորս ամիսներին երկնիշ տնտեսական աճ ունեինք և 2019 թվականին այդ տնտեսական աճը 6-7% հիմնականում վարչարարության խստացման և ստվերային շրջանառության որոշակի կրճատման արդյունք էր։ 2018 և 2019 թվականի աճերը լրիվ զրոյացավ 2020 թվականին, և արդեն մենք հիմա գլոբալ ճգնաժամային հիմքերի մասին պետք է խոսենք, որովհետև ոչ միայն իրական հատվածը, այլև ֆինանսական հատվածն է գտնվում ճգնաժամի մեջ՝ օրինակ ազգային արժույթի արժեզրկումը, բակային համակարգն է խորը խնդիրների առջև կանգնած այլն»,- ասաց տնտեսագետը։

Նա նկատեց, որ այժմ վարկերի չվճարման իրական ռիսկերն ակնառու են, և ըստ էության մենք ունենք բարձր ռիսկեր բանկային ոլորտում, պայմանավորված փոխարժեքի տատանումներով, քանի որ մարդիկ՝ և՛ քաղաքացիները, և՛ բիզնեսմենները փոխել են իրենց վարքագիծը և փորձելու են մաքսիմում ազատվել ազգային արժույթով պահուստներից, որն իր հերթին բերելու է կրկնակի խնդիրներ։

«Այս ամենից բացի կան նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնց հիմքը ավելի շատ ականջահաճո պոպուլիստական դրդապատճառներն են՝ բանկային օրենսդրությունը, բանկային գաղտնիքի թուլացումը, որը նույնիսկ միջազգային չափանիշներին հակասող փոփոխություն է։ Այս բոլորը հանգեցրեցին մի իրավիճակի, երբ տնտեսական գործունեության ռիսկը էապես բարձրացավ։ Սրան էլ գումարվեց արդեն օբյեկտիվ իրավիճակը՝ կորոնավիրուսը։ Դա նորից պոպուլիզմի և անկարողության համակարգային մոտեցումների բացակայության արդյունքն էր, քանի որ բոլորը լավ հիշում են, որ սկզբից թերագնահատվեց այդ վիրուսը և հնարավոր հետևանքները և դրանից հետո ուշացած ու ոչ համարժեք փորձեցին միջամտել, որոնք չմտածված ծրագրեր էին և պետական բյուջեի փոշիացում, քանի որ համավարակն առ այսօր շարունակվում է»,- ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով 44–օրյա պատերազմը նույնպես իր բացասական ազդեցությունը թողեց տնտեսության վրա։ Ունեցանք հազարավոր զոհեր ու վիրավորներ, որոնք շատ հստակ սոցիալ-տնտեսական հետևանքեր ունեն։

«Պետական բյուջեի մեծ ծախս պիտի իրականացվի, եկամուտները կրճատվում են և այն տնտեսական պոտենցիալը, որը կորցրինք, դա իրական հետևանքներ է թողնելու մեր հետագա երկարաժամկետ զարգացման առումով։ Այս ընթացքը, այսպիսի կառավարման ներքո, եթե շարունակվի, խնդիրներն ավելի կխորանան և այդ խնդիրներն ունեն ուղղակի սոցիալական հետևանքներ։ Պետական բյուջեի ծախսերն աննախադեպ աճել են և պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ համազարկով, մարդիկ կորցրել են ընտանիքի կերակրողին, զրկվել են ֆինանսական միջոցներից, ու նրանք միանշանակ դառնալու են սոցիալապես անապահով և պետական աջակցության ենթակա ու սրանով պայմանավորված աճելու են պետական բյուջեի ծախսերը՝ սոցիալական ուղղվածության, իսկ եկամուտները տնտեսական անկմամբ պայմանավորված՝ կրճատվում են»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա նկատեց, որ եթե նայենք 2021 թվականի բյուջեն, թե ինչ են նախատեսում, ապա անլուրջ է գնահատական տալը, քանի որ ոչ մի կապ չունի իրավիճակի հետ։

«Այն բյուջեն, որը բերել են, և ոտքի վրա ընդունել են, պարզապես արել են անելու համար և եթե այսօրվա իշխանությունն այսպես պիտի մոտենա խնդիրներին, ապա ակնհայտ է, որ 2021-ը այսպես շարունակելու պարագայում էապես իր բացասական առումով չի զիջելու 2020-ին և մենք հանգելու ենք հանրային կյանքի բոլոր ոլորտներում խորը ճգնաժամի»,– ասաց նա։