Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը:
Պարոն Շիրինյան, Բելգիայի ներկայացուցիչների պալատը նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև է ընդունել: Հիմա որն է լինելու հաջորդ քայլը և ինչ ակնկալիքներ կան:
Սա այն բանաձևն է, որը Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկությամբ ընդունվել էր դեռ երկու շաբաթ առաջ: Հիմա նույն բանաձևը նախօրեին խորհրդարանի լիագումար նիստում ընդունվեց: Բելգիայի հայկական համայնքը շարունակելու է հետամուտ լինել, որպեսզի Բելգիայի դաշնային կառավարությունը գործադրի այս բանաձևում պարունակող բոլոր կետերի իրագործումը, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Թուրքիային, Արցախ և Հայաստան ուղարկելիք մարդասիրական օգնություններին, գերիների վերադարձի հարցին, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցելուն՝ մեր պատմական ու կրոնական հուշարձանները պահպանելու նպատակով: Պետք է նաև նշենք, որ բանաձևում նշված է, որ Արցախի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի միջոցով, մասնավորապես, հաշվի առնելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հանգամանքը: Սա մեզ համար հնարավորություն կստեղծի աշխատելու, որ ապագայում Բելգիայի դաշնային խորհրդարանը հստակորեն նշի Արցախի անկախության ճանաչման մասին:
Բելգիայի հայ համայնքի առաջիկա աշխատանքներից մեկը պետք է լինի նաև համախմբել բոլոր բելգիական այն քաղաքական, հանրային, ակադեմիական և մշակույթային դեմքերին, որոնք այսօր պատրաստականություն են հայտնել իսկական օգնություն ցուցաբերելու Հայաստանի ու Արցախի ժողովրդին:
Վերջերս Արցախ այցելած Արցախի՝ բելգիացի ֆրանսախոս բարեկամական խմբի անդամները հստակ ցանկություն են հայտնել գործնական քայլերի դիմել ու մարդասիրական օգնություն հասցնել Արցախի ժողովրդին, հատկապես ավերված շենքերի ու տների վերակառուցման աշխատանքների համար: Բնականաբար, այս հարցում հայկական համայնքը կմնա նրանց տրամադրության տակ՝ օգնելու և այս գործը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
Ի՞նչ տրամադրություններ են Բելգիայի հայ համայնքում, պահանջո՞ւմ են ՀՀ իշխանությունների, մասնավորապես, վարչապետի հրաժարականը, թե ոչ:
Ես բնականաբար Բելգիայի ամբողջ հայ համայնքի անունից չեմ կարող պատասխանել այս հարցին որովհետև ամեն անհատ և ամեն կազմակերպություն իրավունք ունի Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին արտահայտվել այնպես, ինչպես նախընտրում է: Սակայն իրավասությունը ունեմ արտահայտելու մեր կազմակերպության և Եվրոպայի Հայ դատի հանձնախմբերի կառույցի կեցվածքը: Տեսեք, հստակ է, որ նոյեմբերի 9-ին հակահայկական զինադադարի այդ հայտարարությունը Հայ դատի հանձնախմբերի աշխատանքի առաջ հստակ դժվարություններ և խոչընդոտներ ստեղծեց: Այսօր մենք ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգության հարցի առաջ ենք կանգնած, այլ նաև ունենք Հայաստանի ժողովրդի անվտանգության հարց և Հայաստանի կայունության և գոյատևման խնդիր, նրա տարածքային ամբողջականության խախտման հարց, սահմանամերձ գյուղերի պահպանման հարց և շատ ուրիշ այլ խնդիրներ: Մեր կարծիքով, այս բոլորը ուղղակի արդյունքն է կառավարության և վարչապետի վարած քաղաքականության և հայտարարությունների: Ուստի Եվրոպայի հայ դատի հանձնախմբերը բացասական վերաբերմունք ունեն կառավարության գործունեության և աշխատաոճի նկատմամբ և համաձայն են կառավարության հրաժարականի պահանջին: Սակայն հարկ է նշել, մեր հանձնախմբերը, ինչպես միշտ, պիտի շարունակեն գործել ի նպաստ մեր զույգ հանրապետությունների և ժողովուրդների շահի, այս իրավիճակից դուրս ելնելու նպատակով նոր ելքեր փնտրելով և հայանպաստ լուծումներ առաջարկելով Եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ:
Տեսակետ կա, որ միայն Դաշնակցությունն է Սփյուռքում պահանջում վարչապետի հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը:
Սխալ է նման պնդում անելը, որովհետև Սփյուռքի ավանդական բոլոր կազմակերպությունները, օրինակ, Հնչակյան կուսակցությունը, ՀԲԸՄ-ն, հստակորեն, արդեն պաշտոնական հայտարարություններով վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջ են բարձրացրել: Այսինքն տեսակետը, թե միայն Դաշնակցությունն է հրաժարական պահանջում, լրիվ սխալ է: Չմոռանանք նաև Սփյուռքի հոգևոր հովիվի՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հստակ ուղերձը այս հարցով, որ միանում է կառավարության հրաժարականի ժողովրդի պահանջին:
lragir.am
19-ը դեկտեմբերի 2020թ.