կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-24 17:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ անդամները ՔՊ գրասենյակի առջև կոչ արեցին քայլ անել և միանալ բողոքող ժողովրդին

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստի ժամանակ երթով ՔՊ կենտրոնական գրասենյակ եկան ՀՅԴ անդամները և ՔՊ անդամներին կոչ արեցին միանալ Արցախը հանձնելու դավադիր պայմանագրի դեմ բողոքող քաղաքացիներին՝ հայնում է Yerkir.am-ը։

«Կոչ ենք անում անել ձեր քայլը և գալ, միանալ բողոքող ժողովրդին։ Կա՛մ կանգնում եք պետականության կողքին, կա՛մ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին։ Արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ խայտառակ պայմանագրով դավաճանեց ամբողջ ժողովրդին։ Դուք դեռ ժամանակ ունեք, արե՛ք ձեր քայլը՝ միացեք ժողովրդին։ Դուք դեռ ժամանակ ունեք ձեր վրայից հանելու դավաճանի խարանը»,-բարձրախոսով հայտարարեց բողոքող քաղաքացիներից մեկը։

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ՔՊ կենտրոնական գրասենյակի առջև են հստակ պահանջով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է այս իրավիճակում կողմնորոշվի՝ արդյո՞ք կանգնում է դավադիր իշխանության, թե՞ Հայաստանի Հանրապետության կողքին։

«Առավել ևս դա պարտավոր են անել քաղաքական թիմերը և իշխող ուժը, որը այստեղ քննարկում է անցկացնում հիմա և որևէ ազդանշան չի տալիս հասարակությանը, որ ինքը հասկանում է իր սխալները, գիտակցում է՝ ինչ է կատարվել և պատրաստ է գնալ այս ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուրը, ով կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, դեմ է կանգնում Հայաստանի Հանարպետության շահերին և գործում է Ադրբեջանի Հանրապետության շահերով։

«Նիկո՛լ, դավաճան»,-վանկարկեցին ցուցարարները։

Ոստիկանների հոծ խումբը դարձյալ սկսեց քաշքշել ցուցարարներին։ Երիտասարդ մեկ աղջկա բերման ենթարկեցին։