Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի առաքելության ունեցած կարևոր դերակատարության համար՝ ընդգծելով, որ նաև Կարմիր խաչի ջանքերը հնարավորություն են ստեղծել պատերազմական գործողությունների դադարից հետո սկսել հակամարտության գոտուց զոհվածների մարմինների դուրս բերման և անհայտ կորածների որոնման գործընթացը:
Նախագահի խոսքով՝ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Նա հորդորել է այդ ուղղությամբ ևս շարունակել ջանքերի գործադրումը:
Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Հանրապետության իշխանությունները պատրաստ են ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու կազմակերպությանը՝ սկսված ծրագրերի ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար՝ Պասկալ Հունտը նշել է, որ շահագրգիռ կողմերի և մարմինների հետ փոխգործակցությամբ Կարմիր Խաչը առավելագույն ջանքերով շարունակում է իր գործառույթների իրականացումը՝ նախագահին ներկայացնելով հիմնական արդյունքները: Նրա տեղեկացմամբ՝ հումանիտար առաքելության շրջանակում կազմակերպությունը նաև քաղաքացիական բնակչությանը տրամադրում է դեղորայք, պարենամթերք և հիգիենայի պարագաներ, ինչը կրելու է շարունակական բնույթ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս: