կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 16:12
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի որոշի՝ դավադիր ուժերի կո՞ղմն է, թե՞ ՀՀ պետականության․ Քրիստինե Վարդանյան

Արդեն տեղեկացրել ենք, որ րոպեներ առաջ Տիգրան Մեծ-Հանրապետություն փողոցների խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց խաղաղ ցուցարարներին։

«Փաշինյանը ստորագրել է խայտառակ պայմանագիր՝ վտանգի տակ է դրել հայ ժողովրդի գոյությունն այս տարածաշրջանում, սակայն շարունակում է  ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել, և ամեն կերպ ցանկանում է մոռացության տալ այդ հանգամանքը»,- ասաց ակցիայի մասնակից, ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտագործելու բոլոր այն գործիքակազմը, որն այս դավադիր իշխանությունն օգտագործել է իշխանության գալու համար։ Ցանկանում ենք ընդգծել, որ բացառում ենք որևէ տեսակի բռնություն և Սահմանադրության խախտում։ Բայց, այո, Սահմանադրությամբ մեզ ընձեռված հնարավորություններն օգտագործելու ենք, որպեսզի իշխանությունները, մինչև իրենց հեռանալը, լսեն հայ ժողովրդի ձայնը, լսեն, որ իրենք դավաճաններ են, լսեն, որ անընդունելի են մեզ համար»,- ակցիայի ավարտին ասաց նա:

Քրիստինե Վարդանյանը պնդեց, որ հայրենիքի հետ չի կարելի նման կերպ վարվել. «Թող իմանան, որ հանգիստ չեն ունենալու, չեն կարողանալու հանգիստ նստել այդ աթոռին և որեւէ կարևորություն չունեցող որոշումներ իրականացնեն ու ձևացնեն, թե, իբր, ոչինչ չի եղել։ Կա՛մ դուք ձերբակալելու եք 3 մլն մարդու, կա՛մ, քանի մենք այստեղ ենք, դուք հանգիստ չեք ունենալու՝ մինչև ձեր հրաժարականը»։

Yerkir.am-ի հարցին, թե որքա՞ն կշարունակվեն նման բողոքի ակցիաները, նա պատասխանեց․ «Այնքան ժամանակ՝ մինչեւ վարչապետը հրաժարական տա ու պատասխանատվություն կրի։ Մեր գլխավոր նպատակը դավադիր ծրագրի մասին ձայն բարձրացնելն ու նաև շատ մարդկանց սթափության կոչ անելն է։ Ուզում են՝ թող ձերբակալեն հարյուրավորների, հազարավորների, թող շինծու գործեր հարուցեն, մենք այստեղից որեւէ տեղ չենք գնալու։ Այսօր  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի որոշի՝ դավադիր ուժերի կո՞ղմն է, թե՞ Հայաստանի Հանրապետության, պետականության։ Ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ ամեն դեպքում հայ ժողովուրդը չի կորցրել իր սթափությունը, հասկանում է՝  ինչ է կատարվում»:

Քրիստինե Վարդանյանը  Արցախի ու Հայաստանի ճակատագրով անհանգստացած քաղաքացիներին կոչ արեց վաղը՝ ժամը 2-ին, գալ Ազատության հրապարակ․ «Բոլորս պետք է լինենք այնտեղ և չթողնենք, որպեսզի այս դավադիր ծրագիրը հասնի իր ավարտին»։

Մանրամասները՝ տեսանյութում: