կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 16:23
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրի ղեկավարը կանգնեցրել է ԶՈՒ լրահամալրումը․ Մովսես Հակոբյան

Մեր զորահավաքը չի կատարվել․ դրա պատասխանատուն են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում:

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, ՀՀ-ն՝ 52 տոկոսով։ Իսկ դա պետք է իրականացնեին 40 ժամվա ընթացքում, այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները»,- ասաց նա։

Գեներալ-գնդապետը ևս մեկ հանցագործության մասին նշեց։ «Երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը, որը շատ բարդ գործընթաց է»,- հայտարարեց նա։

Բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը դա է՝ ասաց նա՝ հավելելով, որ երբ քաղաքական իշխանությանը մեղադրում եք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ։

«Օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պետք է լրահամալրում իրականացվեր, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման և ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել և լիարժեք կատարել։ Հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեին և կետերն ու համալրման ձևը փոխեին»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Պատերազմի 3-րդ օրը։

«Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են եղել այդ գործընթացի համար և գիտեն, որ ժամանակ է գալու այդ գործառույթը չիրականացնելու համար պատասխան տալու, ձայնագրել են խոսակցությունը»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը։

Նա ասաց, որ ինքն այդ պահին Արցախում էր․ այս ամենի արդյունքում՝ կամավորական ջոկատները գալիս էին, որոնք փայլուն տղերք են, որոնց բոլորին պիտի հարգենք-պատվենք, բայց գալիս էին այնտեղ և որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեին։

«Զորամասերում նրանց համար նախատեսված որևէ սպառազինություն և հանդերձանք չկար։ Նախատեսված էր միայն ու միայն իրեն համապատասխան զորահավաքի լրահամալրման համար։ Գալիս են երկրի նախագահի մոտ։ Նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ։ Գնում են, այդքան զբաղեցնում բանակի հրամանատարին, բանակի հրամանատարը պետք է մտածի՝ որոշում կայացնի՝ որտեղից ինչ հանի, բերի՝ նրանց հագցնի, սպառազինի և ուղարկի։ Ինչ-որ մի ձև հարցը լուծում են»,- մանրամասներ հայտնեց Մովսես Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավիճակն այնպիսին էր, որ մարդը, որը չուներ կապի համակարգ կռվող անձնակազմի հետ, ներդաշնակված չէր, պետք է կռվեր։ Արդյունքում՝ առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը կոտորվում են մարտի դաշտում, մյուս մասը խուճապահար փախչում է։

«5-րդ օրը Արցախում արդեն 1 500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն։ Էդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել՝ զորքից կտրվել, որպեսզի նրանց պահեն, նրանց կերակրել են բանակի զինվորների սնունդով։ Եվ մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են դրանց հետ տարել, որպեսզի մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքերը»,-հայտարարեց Մովսես Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք Մովսես Հակոբյանի խոսքը, որ կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը։

Մանրամասն՝ տեսանյութում․