Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավադրության գնացող կառավարությունը ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը կուղարկի՞ հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ ինքն իրեն թողնելով անպաշտպա՞ն դավադրությունների առջև. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում։
Նա խոսեց աղմուկ հանած իր գրառման մասին, որում ասում էր․ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
Փաշինյանը մեկնաբանեց, որ նկատի ուներ առաջնագծի տղերքի հետ հանդիպելու մտադրությունը և իրավիճակի մասին նրանցից տեղեկանալը, ոչ թե զինված բախումներ հրահրելը։
«Գրում եմ, որ՝ տղե՛րք, դուք դուք ճիշտ եք․ համաձայնում եմ։ Սպասում եմ ձեզ Երևանում․ այս նախադասությունը հիմք է տվել ասելու, որ այստեղ քաղաքացիական պատերազմի կոչ կա։ Գիտենք, որ շատերը վերադառնալու են իրենց ընտանիքներ։ Նրանցից շատ խմբեր և ջոկատներ ինձ ուղերձ են հղել, որ ուզում են հանդիպել ինձ հետ։ Եվ ես իրենց ասել եմ, որ կկազմակերպեմ այդ հանդիպումը»,- ասաց նա։
Անդրադառնալով «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությանը՝ Փաշինյանն արդարացավ՝ հաշվի առնելով, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այս ձևակերպումն օգտագործել է։
«Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ հանդիպումների ընթացքում վերջնականորեն կմարեն այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դավադրություների մեջ է ներգրավված եղել։ Ով, եթե ոչ առաջնագծում գտնվող զինվորը գիտի այդ հարցի պատասխանը»,- պարզաբանեց նա։
Փաշինյանը պնդեց, որ առաջնագծից ոչ ոք չի վերադառնում զինված, որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղից իրավապահներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, որտեղ այդ զենքերը հանձնում են, որ բացառվի որևէ մեկի կողմից զենքով մայրաքաղաք հասնելը։
«Այստեղ նուրբ հարց կա, որ առաջնագծի տեսանյութերում կոշտ բառապաշար է հնչում, և դա մտահոգիչ է։ Բայց դրա համար հիմք կարող են լինել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձությունները, որոնք քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան։ Դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից։ Ես կարևոր եմ համարում, որ Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և քաղաքացիական բախումները»,- ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ իրավապահ համակարգն ունի բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։
«Հարց կհնչի՝ ինչո՞ւ նոյեմբերի 10-ի գիշերը չկանխեցին․ պարզ պատճառով, որովհետև ոստիկանության, ԱԱԾ և ՊՊԾ շատ գնդեր գտնվում էին առաջնագծում»,- ասաց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ իր կողմից զինված բախումներ հրահրելու մասին խոսակցությունները անտեղի են։
«Առաջնագծից վերադարձող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն։ Եվ չեմ կարծում, որ առաջնագծից եկող զինվորականների հետ հանդիպելու իրավունք չունեմ։ Երևանից հեշտ չէ գնահատական տալ՝ ինչ է տեղի ունեցել առաջնագծում, դրա համար զինվորականներին պետք է լսել։ Ես, օրինակ, մտադիր եմ լսել, ինչ-որ դատապարտելի բան կա՞»,- հայտարարեց Փաշինյանը։