կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 20:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը ժամը 18։00-ին եկեք այստեղ մոմավառության, մյուս օրը 16։00-ին՝ ասելու «Նիկո՛լ, հեռացիր»․ Սպարտակ Սեյրանյան

Այս մարդիկ այնքան շնորհք չունեցան, որ հազարավոր տղերքին հարգելու համար սգո օր հայտարարեն, դրա համար վաղը մենք լռության ու սգո օր ենք հայտարարում ի հիշատակ մեր նահատակների և ժամը 18։00-ին եկեք այստեղ մոմավառության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում։

«Իսկ ով ի վիճակի չէ գալու, թող տանը վառի այդ մոմը՝ ի հիշատակ այդ տղերքի, որոնցից շատերը գերեզման էլ չեն ունենալու»,-ասաց նա։

Իսկ մյուս օրը՝ երկուշաբթի, ժամը 16։00-ին էլի հավաք է լինելու Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «Երբ պայքարենք, այդ ժամանակ իրականություն կդառնա այն լոզունգը, որը 40 օր կրկնում էինք՝ «հաղթելու ենք»»:

Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ հիմա պետք է մտածենք, թե այս ծանր բեռի տակից ոնց ենք դուրս գալու․ փախստական դարձած ընտանիքների խնդիրները լուծելու, ձմեռվանց հետո երեխեքին դպրոցներում տեղավորելու հարցեր են առաջանալու։ Սեյրանյանի համոզմամբ՝ սա ազգային իշխանության հարց է, ոչ թե օտարի հպատակի։

Սեյրանյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց Հայաստանի պատմության ամենախայտառակ փաստաթուղթը:

«Ինքը ստորագրեց։ «Ինքն» եմ ասում, որովհետեւ անունը տալ չեմ ուզում: Իմ բառապաշարում կան բառեր իրեն բնութագրող, բայց այստեղ կանայք ու երեխեք կան: Դրանից հետո, երբ այդ փաստաթղթով Հայաստանը կանգնեց անդունդի դիմաց, ամեն իրեն հարգող մարդ պետք է գոնե հրաժարվեր: Ի՞նչ արեց ինքը. արեց այն, ինչ անում է 2,5 տարի՝ խաբեց»,-հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:

Նա նշեց, որ երկու ու կես տարի խաբում էր, պատերազմի ժամանակ խաբում էր, ստորագրելուց հետո էլ է խաբում՝ չի ասում, թե մեջը է՛լ ինչ կետեր կան:

«Սուտ կետեր է ավելացնում: Ինքը հային հայի դեմ է հանել, 2,5 տարի առաջ սև ու սպիտակով իրար դեմ հանեց: Խրամատում տղերքը կռվում էին, ինքը պատերազմի ժամանակ էլի հային հայի դեմ էր հանում: Էսօր իր աշխատասենյակի դեմը էկրան է տնկել,  ինչ-որ լակոտ-լուկուտների ելույթներով ասում է՝ գալու ենք ղարաբաղցիներին Հայաստանից ռադ անենք: Ու էդ տականքներին հովանավորողը ինքն է: Ու հետո չասի, թե տեղյակ չեմ, ոչ ոք իշխանությունից չասի, թե տեղյակ չեն՝ ինչ են անում»,-ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Նա նաև նշեց ամեն ինչի մեղքը ժողովրդի վրա բարդելու սովորությունը․ «Covid-ի համար ժողովուրդն է մեղավոր, տնտեսությունը վարի է գնում՝ ժողովուրդն է մեղավոր, հիմա էլ ուզում է ասի՝ զոհված տղերքը մեղավոր են, որ զոհվեցին, հա՞»:

Նա արձանագրեց, որ հիմա էլ իր ֆեյքերով ուզում է խաբել, որ հրապարակում հավաքվելու իմաստ չկա, մեկ է՝ ամեն ինչ ավարտված է:

«Սուտ է. իր ղազագիրը փոխելու շանս ունենք: Նոր բանակցող պետք է գա, որը ոչ թե սանտիմետր առ սանտիմետր Հայաստանը տա, այլ մետր առ մետր հետ բերի: Դրա համար ինքը պետք է ռադը քաշի»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:

Նա նշեց սուտ է նաև խոսքը, որ հրապարակի հավաքները ոչ մի բան չեք փոխելու, ինքը հանգիստ իր իշխանությունը վայելի։

«Ժողովուրդ, դուք շատ եք, դուք հաղթել եք 3 օրվա ձեր միտինգներով: Թող ձեզ չխաբեն, թե այս ամենն անիմաստ է: Առաջին օրը դուք աշխարհին ապացուցեցիք, որ կա արժանապատիվ հայ: Դուք ապաուցեիք, որ այստեղ կա թափված արյունը հարգող հայ, որ Արցախը մերն է»,-ասաց նա:

Այս հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդն արժանի՞ է, որ իր ղեկավարը ստախոս լինի՝ հարց տվեց Սպարտակ Սեյրանյանը։

«Ա՛յ վախկոտներ, ձեր մեջ մի տղա՝ Վարդան Աթաբեկյանը ասաց, որ համաձայն չէ ձեզ հետ, ձեր շակալներին ուղարկել եք, որ էդ տղուն ծեծե՞ն: Դուք էդ չե՞ք: Դուք եք դուխո՞վ, այ լակոտներ: Դուխ ունենայիք՝ ժողովրդի հետ կխոսեիք: Դուք մի բան ունեք անելու՝ չոքեք էս ժողովրդի առաջ, ներողություն խնդրեք ու գնացեք։ Մի անգամ ձեր կյանքում մարդ եղեք»,-ասաց Սպարտակ Սեյրանյանը։

ՀՅԴ Բյուրոյի անդամը հիշեցրեց 2001-ին Նիկոլ Փաշինյանի գրածը, որ՝ ով Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, ձեռքը պետք է կտրել։

«Արա, ես չեմ ուզում՝ դու քո ձեռքը կտրես, ուզում եմ՝ էդ ձեռքով քո հրաժարականը ստորագրես ու գնաս»,-ասաց Սեյրանյանը:

Նա վստահեցրեց, որ այս խայտառակ փաստաթուղթը հետ տալու մի տարբերակ ունենք՝ պետք է փոխենք բանակցողին, փոխենք ծախողներին, վախկոտներին:

«Պետք է  գան նրանք, ովքեր մեր հայրենիքի ամեն մի թիզի համար կռիվ կանեն: Դրա համար պետք է, որ մեր հաջորդ հանրահավաքին այստեղ 5 անգամ շատ ժողովուրդ լինի ու դրանից հետո ինքը փախնելու է: Էսքանին տեսել, բունկերում է թաքնվել, երկու էսքան տեսնի՝ միկրոինֆարկտ է ստանալու, 3 էսքան տեսնի՝ փախնելու է»,-հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք բժիշկ-ազատամարտիկ Տարոն տոնոյանի խոսքը, որ՝ փոխանակ ԱԹՍ-ներ, ՀՕՊ ձեռք բերեին, PR էին անում զինվորների ծնողների մոտ։

Հանրահավաքին ելույթ էր ունեցել նաև որդեկորույս մայր ու ասել՝ թող վարչապետը գա ու իմ աչքերի մեջ նայի։

Ավելի վաղ գրել ենք նաև Վարդան Ոսկանյանի հայտարարության մասին, որ իրենք առաջարկում են փոխել բանակցողին։

Ավելի վաղ հաղորդել էինք Հրանտ Բագրատյանի խոսքը, որ՝ Փաշինյանի տարերային բնավորության դառը պտուղները մենք քաղում ենք։

Մանրամասն՝ տեսանյութում․