|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ Էջմիածնում ավարտվեց բողոքի ցույցը` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Հանրահավաքի ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին, որ Կարեն Գրիգորյանը և նրա հայրը` ՀՀԿ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մնավել Գրիգորյանը պետք է հեռանան քաղաքից: Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ հանրահավաքները շարունակվելու են, և որ վաղվանից պետք է դիմեն գործադուլների, դասադուլների:
Հանրահավաքից հետո բողոքի ցույցի մասնակիցները երթ անցկացրեցին Էջմիածնի կենտրոնական փողոցներով` վանկարկելով «Մանվել հեռացիր», «Կարեն հեռացիր»:
Նշենք, որ հանրահավաքին մասնակցում էր ծնունդով Էջմիածնից Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո մականունով: Երբ Կարեն Գրիգորյանին հարցրել են, թե հնարավո՞ր է, որ հրաժարական ներկայացնի, նա պատասխանել էր, որ դա հնարավոր է մի դեպքում, եթե էջմիածինցիները ինքնաբուխ դուրս գան այդ պահանջով, այլ ոչ թե որոշ անձինք կազմակերպեն բողոքի ցույց իր դեմ: Կարեն Գրիգորյանը չէր նշել անուններ, չէր հստակեցրել, թե ում նկատի ունի:
Եվ ահա, շրջանառվեցին լուրեր, որ բողոքի ցույցը կազմակերպվել ու ֆինանսավորվել է Դոն Պիպոյի կողմից: Մինչդեռ լրագրողների հետ զրույցում Դոն Պիպոն հերքել էր այդ տեղեկությունները, ասելով, որ ինքը ցույցին մասնակցել է որպես քաղաքացի, իսկ կազմակերպման հետ որևէ առնչություն չունի:
Ուշագրավ է, եր հարթակից ելույթ ունեցողներից մեկը` երգչուհի Արմինե Գրիգորյանը հայտարարեց. «Փառք ու պատիվ այս հրաշք տղային, այս հրաշք մարդուն` Արթուր Ասատրյանին, որ բոլորիդ համախմբել է այստեղ»: