կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 17:18
Սպորտ

Հադրութցիները նամակներ փոխանցեցին նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներին

Հադրութցիները նամակներ փոխանցեցին նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներին

Արցախի Հադրութ քաղաքի բնակիչները նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին՝ հատկապես Հադրութի հարցում աջակցության ակնկալիքով: Հավաքված հադրութցիներից մի քանի կանանց ընդունեցին ԱՄՆ դեսպանատան տարածքում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հադրութցի Մերի Դավթյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են դեսպանատան աշխատակցին և հանձնել նամակը:

«Աշխատակիցը պատրաստակամորեն լսեց և ասաց, որ դեսպանն էլ շահագրգիռ է հանգուցալուծմամբ, ասաց, որ հրավիրվելու է կլոր սեղան-քննարկում, որին կարող ենք նաև մենք մասնակցել»,- ասաց նա:

Ռուսաստանի դեսպանատան առջև հավաքված հադրութցիների նամակը վերցրեց դեսպանատան աշխատակիցը՝ դարպասների մոտ: Հավաքվածները հնարավորություն չունեցան իրենց պահանջը ներկայացնելու դեսպանատան ներկայացուցչի:

Համանախագահող երեք երկրների՝ ՀՀ-ում դեսպանություններին հանձնված նամակները նույնաբովանդակ էին: Ինչպես նշել էր հադրութցի Մերի Դավթյանը, Հադրութը պետք է ապաօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից, Հադրութը պատմականորեն եղել է և պիտի լինի հայկական: Դեսպանատների մոտ հավաքվածներն այս հարցում ակնկալում են համանախագահող երկրների աջակցությունը, ակնկալում են, որ ստորագրված փաստաթղթում վերախմբագրում կարվի:

Ֆրանսիայի դեսպանատան առջև հավաքված հադրութցիներին ընդունել էր անձամբ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դեսպանատան բակում լսել նրանց, նշել, որ դեսպանատան դռները միշտ բաց են նրանց առաջ: