կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 20:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հադրութցիները, ամիսը մինչեւ 10 ընտանիք, լքում են երկիրը․ իշխանությունների պետքը չէ

Մենք ընտանիքում 5 հոգի ենք, ամսական 150 հազար դրամ է պետությունը տալիս՝ անձին 30 հազար, ստիպված վարձում ենք այնպիսի տուն, որտեղ հարմար լինի ապրել։ Էդ փողը գնաց միայն վարձի համար։ 68 հազար էլ տալիս են հիմնականում կանանց․ դրանով էլ ապրում ենք, հազիվ է հերիքում կոմունալի, մնացած ծախսերի համար,-հադրութցիները, որոնք վեջին պատերազմում կորցրեցին ամեն ինչ, շարունակում են ապրել անհույս, անորոշ, առանց ուշադրության։

«Հանուն Հադրութի» ՀԿ քարտուղար Արթուր Սարգսյանը Yerkir.am-ին ասաց՝ ուր որ է կլրանա պատերազմի մեկ տարին, բայց իրենք, հայրենիքը կորցրած մյուս արցախցիների նման, Աստծո հույսին են։ Իշխանությունները խոստումներ են տալիս եւ լռում։

«Ես կորցրել եմ 3 տուն, տղաս ջերմոց ուներ, կենդանիներ, թռչուններ հարյուրներով։ Հադրութցիները լավ էին ապրում, վերջին տարիներին կենսամակարդակը շատ էր բարձրացել, բոլորն աշխատում էին, ապահով էին։ Ես ու տղաս մեր տունը մեր ձեռքով ենք սարքել»,-Yerkir.am-ին պատմեց Հադրութի նախկին բնակիչը։

Արթուր Սարգսյանի խոսքով՝ Հադրութում եւ տարածաշրջանում շատ էին երկրորդ, երրորդ անգամ վերաբնակեցված ընտանիքները, որոնք այսօր դժվար կացության առաջ են․ անորոշ ապագայով Արցախ վերադառնալ չեն ուզում, իսկ հոգեբանորեն դժվար է եւս մեկ անգամ տեղահանվածի կարգավիճակով ապրելը։

«Արցախում դեռ որեւէ բնակարան, առանձնատուն տեղահանվածների համար կառուցված չէ։ Արցախի 25 տոկոսն է մեզ մնացել։ Ես, բացի զինվորական լինելուց, մասնագիտությամբ շինարար եմ։ Արցախի կառավարության ներկայացրած ծրագիրը, որ առաջիկա 3 տարում 6000 բնակարան կամ առանձնատուն պետք  է կառուցվի, քիչ հավանական է, որովհետեւ նախորդ տարիներին Արցախում 1000 տուն չի կառուցվել, միանգամից 3 տարվա մեջ 6000 տուն, էն էլ ծանր տնտեսական իրավիճակում, որտեղ չկա շինանյութ, միջոցներ, քիչ հավանական է»,-ասաց Հադրութի նախկին բնակիչը։

Արթուր Սարգսյանին մտահոգում է նաեւ աշխատատեղերի հարցը․ ասում է՝ հադրութցին միշտ է սովոր եղել սեփական քրտինքով ապրելու, բայց այսօր չկան աշխատատեղեր․ մարդիկ չեն ուզում բարեգործական կազմակերպությունների օգնության կամ պետության երկու կոպեկի հույսին ապրել․ նրանք աշխատանք են փնտրում եւ, չգտնելով, հեռանում հայրենիքից։

«Այսօր Հադրութի շրջանից մոտավորապես 4500 մարդ վերադարձել է Արցախ, 1500-1600 հոգի կամուկացի մեջ է՝ հե՞տ գնա, թե՞ ոչ, քանի որ դժվար է էնտեղ տուն-տեղ գտնելը, 5-600 մարդ արդեն լքել է Հայաստանը եւ գնացել արտերկիր։ 7500 հադրութցի այժմ բնակվում է Հայաստանում։ Մի վատ տենդենց կա՝ ամսական 4-5, ընդհուպ 10 ընտանիք տեղափոխվում են այլ երկրներ։ Շուտով պատերազմի մի տարին կլրանա, եւ իրենք չեն կողմնորոշվում՝ որն է ճիշտ, ինչքան սպասել։ Շատ արագ է պետք կատարել գործողություններ, որ մարդիկ չարտագաղթեն»,-Yerkir.am-ին ասաց Արթուր Սարգսյանը։

Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն առանձնապես հետաքրքրված չեն այս մարդկանց ճակատագրով․ Արթուր Սարգսյանն ասում է՝ նրանց հետ որեւէ հանդիպում չի եղել, ցանկություն էլ չկա։

Մանրամասն՝ տեսանյութում