կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 00:07
Քաղաքական

Լռեք, լռեք ի սեր Աստծո․ Տիգրան Պասկևիչյան

Լռեք, լռեք ի սեր Աստծո․ Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԼՌԵՔ, Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ

Հայաստանի եւ Արցախի ղեկավարների առցանց բացահայտումներն ինձ զարմացնում են։ Զարմացնում են ոչ թե լուրի անկանխատեսելի «հմայքով», այլ՝ անպատասխանատվության հրավառությամբ։

Մինչեւ բուն թեմային անցնելը՝ ներում խնդրելով գենդերային հավասարության ջատագով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարող ընկերներիցս, հիշեմ պապիս իմաստուն խոսքերից մեկը. «Էրեխեն վատն ա, մորն ասա, կնիկը վատն ա, մարդուն ասա»։

Սա ժողովրդական մտածողության մեջ հիերարխիայի եւ պատասխանատվության լավագույն արտացոլումն է, որը, սակայն, առկա չէ թե Ն. Փաշինյանի, թե Ա. Հարությունյանի քաղաքական բարոյակերտվածքում։

Լսեք, պարոն վարչապետ-նախագահներ, դուք բարձր աթոռներին բազմել եք, որ գնդապետ էսինչի կամ կուսակցապետ էնինչի դավաճանությունը վկայեք, թե՞ ներկայանաք քաղաքական այրի առաքինությամբ։

Ես չեմ հիշում, որ ձեզանից որեւէ մեկը (ձեր անմիջական նախորդները՝ եւս) երբեւէ խոսած լինեք խաղաղության մասին։ Ձեր (…եւ անմիջական նախորդների) խոսափիլիսոփայության մեջ խաղաղությունը ղզիկությանը հավասար մի բան էր։

Դուք միշտ վստահ եք եղել, որ ծնկի կբերեք թշնամուն եւ կստիպեք (բանակցությունների սեղանից հեռու) համակերպվել եւս մի երեսուն տարի։

Դուք պատանիներին ու երիտասարդներին սնել եք «կիլդիմ» կոչվող ցածրորակ մուլտերով, որոնց ոչխար-կերպարները հետո հանկարծ ԱԹՍ-ներ ու կործանիչ օդանավեր էին դառնալու։

Դուք՝ լինելով պատերազմ դավանողներ, ըստ էության (դուզգյունի) մարտի չեք պատրաստել մեր երեխեքին։ Եվ հիմա, երբ ասում եք՝ 100-ավոր զոհվածի փոխարեն նոր 100-ը չեկավ, չեք էլ պատկերացնում, թե ի՜նչ աստիճանի չմարդ եք։

Գային, որ բյուր-բյուր, հազար-հազար ԱԹՍ-ի միս դառնայի՞ն։

Եթե ճիշտ է, որ մարդիկ պաշարել են հավաքակայաններն ու թույլ չեն տվել իրենց երեխաներին զորակոչել, դրա հիմնական ու գլխավոր մեղավորը դուք եք։ Այս պատերազմը չուներ քաղաքական կամ բարոյական որեւէ հիմնավորում։ Եւ եթե մարդիկ (վախից կամ ամոթից) չեն խոսել խաղաղության մասին, դա դեռ չի նշանակում, թե կողմ են եղել պատերազմին եւ պատրաստ զավակներին մատաղելու։

Մատաղելու ձեր (…եւ անմիջական նախորդների) քաղաքական հավակնություններին։

Մի անգամ գոնե հետ նայեք ու հարց տվեք ինքներդ ձեզ, թե ի՞նչ եք արել այս պատերազմը կանխելու, այս արյունահեղությունն անկարելի դարձնելու համար։ Չեք նայի, որովհետեւ անպատասխանատու, արկածախնդիր ճամարտակությունից բացի ուրիշ ոչինչ չեք տեսնելու։

Եւ ուրեմն՝ լռեք, լռեք ի սեր Աստծո»։