կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-11 14:22
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Արցախը փրկելու համար․ ՀՅԴ-ի դեղատոմսը

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

«Արցախը փրկելու համար մեզ անհրաժեշտ է շատ հստակ երկու գործողություն: Առաջին՝ հայրենիքի փրկության կոմիտե, երկրորդ՝ ամենակարևոր քայլը, թուրքի առաջ կզած, ստորացուցիչ պայմանագիր կնքած իշխանությունն անմիջապես պետք է հեռանա, դա մեզ հնարավորություն է տալու փրկել դավաճանաբար ծախված հայրենիքը»,- ասաց նա։

Սաղաթելյանը հայտարարեց, որ այս քայլերն իրականացնելու համար ունենք մեկ խոչընդոտ՝ Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլից պետք է փրկենք Հայաստանը, որպեսզի փրկենք Արցախը և Հայաստանը»,- հայտարարեց նա։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Ասաց՝ կներեք մեզ, որ հիմա ողջ ենք, կներեք, որ դուք հավերժացաք։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, երբ լսվեց պատերազմի լուրը, հազարավոր հայրենակիցներ շարք կանգնեցին, որպեսզի պաշտպանեն մեր հայրենիքը։ Այնտեղ էին մեր զավակները, մեր եղբայրները, շատերի հայրերը, և անցնող 40 օրից ավելի պատերազմում զոհվեցին նրանցից շատերը։ Այսօր էլ հազարավոր մեր կամավորներ հայոց փառապանծ բանակի հետ առաջնագծում չեն հավատում թուրքի խոսքին, ինչ-որ թղթի կտորի։ Այսօր այստեղ հավաքվածներն ամեն ինչ անում են, որ նրանք ամուր լինեն, և նրանց թափած արյունը Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ջուրը չլցվի։ Եվ դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Ավելի վաղ գրել էինք Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Նաև հայտնել էինք Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: