ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքից մեկ հատված, որն հնչել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում իրենց արարքները, այդ թվում՝ գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները։
Դա նորից ի ցույց է դնում այն բարբարոսության խորությունը, որի հետ մենք հիմա առնչվում ենք: Եվ սա առաջին անգամը չէ, սա նորություն չէ, և նորից ի ցույց է դնում, որ մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար:
Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ցույց տալու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ մենք գործ ունենք:
Հարցը խորապես էությունն է, թե էապես ինչ երևույթի հետ մենք գործ ունենք, որովհետև քաղաքակիրթ ցանկացած նորմ պարզապես ենթարկվում է ջախջախման: Սա էությունն է այս հակամարտության»,- ասել է նախարարն իր խոսքում: