|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: Այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: Մտահոգված լինելով զոհերի թվի աճով, նա կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
Ճեպազրույցի ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ ինքը տեղեկատվություն է ստանում անմիջապես տեղից և տեղի զրուցակիցներից` ամենաբարձր մակարդակով: Դեսպան Կասպշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նշել, որ իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մոնիտորինգը, երբ իրավիճակը թույլ կտա:
Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:
ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը կրկին հայտարարել է բանակցային լուծման կարևորության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպշիկի աշխատանքներին աջակցության մասին` տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված իրենց ջանքերում: