Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված` իրենց պարտավորությունները՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կայքից. Գուտերեշի խոսքերը մեջբերել է նրա խոսնակը:
Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ չնայած միջազգային հանրության՝ կռիվն անմիջապես դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա խիստ անհանգստացած է ռազմական գործողությունների, այդ թվում՝ բնակեցված տարածքների թիրախավորման փաստից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ հորդորելով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կոչ է արել տարածաշրջանային և միջազգային համապատասխան դերակատարներին՝ ակտիվորեն քայլեր ձեռնարկել մարտական գործողությունների հրատապ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար:
Գուտերեշի խոսնակը հոկտեմբերի 5-ի մամուլի հերթական ասուլիսում նշել էր, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը շարունակում է խորապես մտահոգվել շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների համար:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական: