կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 06:09
Արցախ

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՀՀ կառավարության դիմումը․ Ադրբեջանը կպարտավորեցվի դադարեցնել կրակը

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՀՀ կառավարության դիմումը․ Ադրբեջանը կպարտավորեցվի դադարեցնել կրակը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել` հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը՝ 7 դատավորից կազմված Պալատի կազմով, որոշել է կիրառել Դատարանի 39-րդ կանոնը, որով կոչ է անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

ՄԻԵԴ-ը նաև Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների և անմարդկային կամ  նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի մասին հոդվածները։

Երկու Բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ին ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի դեմ Հայաստանի՝ միջպետական հայցի ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը անժխտելի և հիմնական երաշխիք է իրավական հիմքերի ամրապնդման համար։ 

Նա նշել էր, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում է քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական անձանց, ինչը մեխանիկորեն հանգեցնում է պատերազմական հանցագործությունների․ «Սա լրջագույն հարց է, որը մեխանիկորեն իրավական հիմք է ստեղծելու հետագայում Հաագայի քրեական դատարանում վարույթ նախաձեռնելու համար։ ՄԱԿ-ի քրեական դատարանի իրավասությունը Հայաստանը և Ադրբեջանը չեն ընդունել, իհարկե, բայց, ըստ ընթացակարգի, ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է նախաձեռնել Հաագայի քրեական դատարանում վարույթի իրականացում ընդդեմ Ադրբեջանի՝ մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններ կատարելու փաստով»։