Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Հանրապետությունն ամիսներ շարունակ պատրաստվել է Արցախի դեմ լայնածավալ պատերազմին: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է: Մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված հարձակողական տեխնիկան, իսկ իրենք տեղադրում են մեր պաշտպանական զենքերի լուսանկարները: Նրանք փորձել են առաջին հերթին վնասազերծել մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական օբյեկտները»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահը հավելեց, որ այժմ կռվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժերի դեմ, իսկ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա: