կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-23 22:55
Հասարակություն

Մասիսի ոստիկանները տերմինալների գողություններ են բացահայտել

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց Սայաթ- Նովա գյուղի մի խանութի սեփականատեր: Նա հայտնեց, որ առավոտյան ժամը 5-ի կողմերը տեխնիկական միջոցների կիրառմամբ բացել են խանութի դուռը և գողացել վճարային տերմինալը: Սեփականատիրոջ խոսքով`պատճառվել էր շուրջ 800 հազար դրամի վնաս, այդ թվում` տերմինալում եղած 170 հազար կանխիկ գումարը:
Մասիսի ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ձեռնարկեցին համապատասխան միջոցներ: Նույն օրը Արարատի մարզի Դաշտադեմ գյուղի դաշտում հայտնաբերվեց վճարային տերմինալը` վնասված ու դատարկ:

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ Սայաթ-Նովա գյուղի գողությունը կատարել են երկու տղամարդ, որոնցից մեկը գտնվում է հետախուզման մեջ` թմրամիջոցների անօրինական շրջանառության մեղադրանքով:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երկուսն էլ մշտական բնակության վայր չունեն, ժամանակավորապես բնակվում են մայրաքաղաքի Արշակունյաց փողոցի հյուրանոցներից մեկում, որ դա տղամարդկանց կատարած միակ գողությունը չէ, և որ գողությունների մեկնում են նրանցից մեկի վարած «ԲՄՎ» մակնիշի բրոնզագույն մեքենայով` ամեն անգամ մեքենային փակցնելով նոր, գողացված համարանիշ:

Սեպտեմբերի 18-ին օպերատիվ խումբը մեկնեց հիշյալ հյուրանոց` տղամարդկանց բերման ենթարկելու: Ժամը 18.05-ին նրանց զբաղեցրած սենյակում իրավապահները սեղանին հայտնաբերեցին երեք ներարկիչ և ծխախոտի տուփ` լցված սուր հոտով շագանակագույն զանգվածով: Տղամարդկանցից մեկը հայտնեց, որ տուփի մեջ հերոին է` իր օգտագործման համար: Հյուրանոցի բակում հայտնաբերվեց նաև բրոնզագույն «ԲՄՎ-ն»: Տղամարդիկ, թմրանյութով ու մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 270 հազար դրամ, հեղուկով լցված երեք պլաստիկ տարա, սպիտակ փոշու զանգված, գործիքներ, հագուստ, բջջային հեռախոսներ:

Տղամարդկանցից մեկը, խոստովանելով վերոհիշյալ գողությունը, պատմեց, որ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին կատարել են նաև տերմինալի գողություններ` Նոր Խարբերդ, Նշավան, Ոսկետափ, Նոր Կյանք, Ակնալիճ և Մրգաշեն գյուղերի խանութներից, ընդ որում, վերջին գյուղի՝ երկու խանութից: Գրեթե բոլոր դեպքերում տարել են նաև ծխախոտ: Մասիսում և Արևաբույր գյուղում փորձել են գողություն կատարել երկու խանութից, բայց՝ անհաջող, Մասիսի մի խանութից էլ գողացել են միայն ծխախոտ:

Մրգավետ-Ջրաշեն գյուղերի ճանապարհին՝ առվի մեջ, հայտնաբերվեց վճարային տերմինալ, որը, ըստ տղամարդու, գողացել են Նշավանի խանութից:

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: