Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումների բազմաթիվ դեպքեր բացահայտելու մասին:
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքար» անտառտնտեսության «Գետաշեն» անտառպետության անտառապետ Վ. Փ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է ապօրինի ծառահատումներ: Մասնավորապես՝ իր կողմից դրսևորած անկհայտ ապօրինի գործողության և ակնհայտ ապօրինի անգործության համար Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի մի շարք քաղաքացիների կողմից կատարված ապօրինի ծառահատումների դիմաց նրանցից որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Միաժամանակ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, որոշ դեպքերում նախնական համաձայնության գալով իրեն ենթակա անտառապահների հետ՝ նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները և այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ. ինչպես անձամբ, այնպես էլ անտառապահների միջոցով մի շարք անձանց թույլատրել է անտառպետությունից կատարել ապօրինի ծառահատումներ, ինչի հետևանքով գույքային վնասի ձևով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու, կանխելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու և անօրինական եկամուտներ ստանալու գործելաոճից»: