կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 11:54
Տնտեսական

Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը օգոստոսին կազմել է 1,8%

Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը օգոստոսին կազմել է 1,8%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. օգոստոսը 2019թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 1.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% նվազում):

Ըստ վիճակագրության՝ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 3.3% գնանկումը:

Մասնավորապես, մրգի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 30.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ`4.9% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 3.3% գնանկում:

2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 3.93%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.4 տոկոսային կետով:

Ըստ վիճակագրության՝ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ:

Ձվի գինն էլ, ըստ վիճակագրության, 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ նվազել է 20.7%-ով, իսկ 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.0% գնաճ:

Նշենք նաև, որ 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, սուրճի, թեյի և կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: