կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 12:54
Հասարակություն

Սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում

Սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում

Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչեւ Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք եւ միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին. Yerkir.am-ին հայտնում են կառավարությունից:

Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:

]րագրի առաջին փուլի մասնակիցներին ընդունեց եւ բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն:

Իրենց հերթին մասնակիցներից շատերը նշեցին, որ այս ծրագիրը հայրենադարձվելու ճանապարհի իրենց մեկնարկն է, եւ սեփական ապագան տեսնում են Հայաստանում:

Այնուհետ «իԳործ»-ցիներին ներկայացվեց աշխատանքի ժամանակացույցը եւ պարտականությունները:

«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սեւան Գապագեանը եւ «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը մասնակիցներին մանրամասնեցին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները եւ միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին:

COVID-19-ով եւ օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի  մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ: