կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 14:10
Մշակույթ

Պատմական ամրոցն աղբանոցի է վերածվել

Պատմական ամրոցն աղբանոցի է վերածվել

Ենթադրաբար մթա 7-րդ դարում կառուցված՝ Դիարբեքիրի Էղիլ (Ակլ, Անգղ- Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Անգեղ տուն գավառի կենտրոնը- Ակունքի խմբ) գավառում գտնվող Ասուր բերդը վերածվել է աղբանոցի: Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, ահազանգում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ասուր բերդը թողնվել է բախտի քմահաճույքին։ Քանի որ այստեղ այցելած մարդիկ իրենց հետևից աղբը երբեք չեն հավաքել, բերդն աղբակույտի է վերածվել։

Այսպիսով, գանձ որոնողների թիրախավորած պատմական հուշարձանները Թուրքիայում, իրավասուների անտարբերության հետևանքով, մեկ առ մեկ ոչնչանում են։ Դրանցից մեկն էլ Ասուր բերդն է, որը շարունակում է ենթարկվել գանձագողերի ոտնձգություններին։

Ըստ աղբյուրի՝ Ասուր բերդը տվյալ շրջանի ամենահին բերդերից մեկն է։ Թեև ստույգ հայտնի չէ, թե բերդը երբ և ում կողմից է կառուցվել, սակայն ենթադրվում է, որ այն մնացել է մ․թ․ա․ 7-րդ դարից։

Բերդի ներսում պահպանվել են ապաստարաններ ու պահեստներ։ Բերդի շուրջ կառուցված թունելներից մեկը տանում է դեպի հովտում գտնվող բաղնիք, իսկ մյուսը Տիգրիս գետի ափ է հասնում։ Ներկայում պահպանվել են նաև բերդի պարիսպները։

Թուրքական լրատվամիջոցները նշում են նաև, թե բերդում կարելի է հանդիպել Ասորեստանի արքաների գերեզմաններին, որոնք թեև ենթարկվել են գանձագողերի ավիրումներին, սակայն այնուամենայնիվ պահպանվել են։ Տիգրիս գետի ափ իջնող թունելում առկա են նաև աստիճաններ։ Որոշ թուրքական աղբյուրների համաձայն՝ սույն պատմական բերդում հայտնաբերված արձանագրությունները թողել են Ասորեստանի արքաները։

https://yeniyasamgazetesi.com/tarihi-kale-copluk-oldu/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net