Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակն է հրաժարվել ամեն գնով ՀԴՄ տպագրելու մոլուցքից՝ ըստ Yerkir.am-ի, ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Արցախի ճանապարհին ճամփեզրյա մի ռեստորանում ՀԴՄ կտրոնի համար կռիվ տված վարչապետ Փաշինյանի կեցվածքին։
Մենք ըստ էության ֆետիշացրել ենք այդ երևույթը՝ չգնահատելով դրա բովանդակությունը՝ արձանագրեց տնտեսագետը։
«Այս կառավարությունը, երբ խոսում է միլիոնավոր ՀԴՄ կտրոնների տպագրության մասին, պետք է հիշի նաև, որ 2019 թ-ի ընթացքում 10 հազարից ավելի տնտեսվարողներ չեն ստացել իրենց նոր սերնդի ՀԴՄ սարքերը։ Կամ այն տնտեսվարողները, ովքեր շուկա նոր են մտնում, գործում են հին ՀԴՄ-ներով։ Հիմա այդ խնդիրը կա։ Արդեն 1 տարուց ավելի է՝ կա։ Երբ խոսում էին, որ նոր սենդի ՀԴՄ-ն մասնավորը կբերի, այդպես էլ մասնավորը չբերեց, հիմա տնտեսվարողները գործում են առանց ՀԴՄ-ների։ Նույն այդ կառավարության ներկայացուցիչները թող պատասխան տան՝ ինչո՞ւ 1 տարուց ավելի է՝ չեն կարողանում տնտեսությունը ապահովել այդ նոր սերնդի ՀԴՄ սարքերով, նոր խոսեն տպագրությունների մասին»,-մտահոգություն հայտնեց Սուրեն Պարսյանը։
Կոնկրետ՝ ազատագրված կամ սահմանամերձ տարածքներում այս հարցը այդպիսի սրությամբ բարձրացնելը տնտեսագետը պոպուլիստական քայլ է համարում, քանի որ եթե որոշենք ՀԴՄ կտրոնների նույն քաղաքականությունը վարել այդ տարածքներում՝ 1-2 ՀԴՄ կտրոն չտպագրելու արդյունքում տուգանքները կարող են ուղղակի փակել այդ խանութները կամ ձեռնարկությունները։
«Մեր նպատակը դա՞ է․ կարծում եմ՝ ո՛չ։ Ազատագրված կամ սահմանամերձ շրջաններում գործող ձեռնարկությունների ստվերը այնքան մեծ չէ, որ ազդի մեր սոցիալական կենսամակարդակի կամ հարկային մուտքերի վրա։ Պետք է տարանջատենք այս երևույթները և այս պրոցեսները դադարեցնենք»,-ասաց նա։
Սուրեն Պարսյանը նպատակահարմար համարեց առաջին անգամվա համար բավարարվել նկատողությամբ՝ առանց տուգանք կիրառելու․ «Քանի որ այս ընկերությունների համար 150 հազար դրամ տուգանքն անգամ գործունեության դադար է նշանակում։ Նույն՝ Քարվաճառի շրջանում շատ չեն նման կազմակերպությունները, հիմա ենթադրենք՝ փակվեց, ո՞վ է շահում սրանից։ Պետք է տարանջատենք՝ քաղաքի կենտրոնում ՀԴՄ կտրոն չտրամադրողին ու սահմանամերձ մարզերում չտրամադրողին․ տարբեր երևույթներ են։ Ինքնանպատակ, պոպուլիստական նպատակներով ՀԴՄ ֆետիշացնելը սխալ է։ Սա բիզնեսին ուղիղ հարված է»։