կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 21:42
Աշխարհ

Ներկա պահին զանգվածային ներգաղթի մասին խոսելը հավելյալ խուճապ է ստեղծում լիբանանահայության շրջանում. Հակոբ Հավաթյան

Բեյրութում հուլիսի 4–ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով շուրջ 250 լիբանանահայ է տուժել, որոնց մեծ մասն արդեն ապաքինվել է, որոշների կյանքին, սակայն դեռ վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը:

Վերջինիս խոսքով՝ մեկ–երկու հայեր էլ համարվում են անհետ կորած և որոնողական աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

«Կամավորական մեծ խմբեր, հայ երիտասարդներ ակտիվորեն աշխատանքներ են տանում Բեյրութի հայկական թաղամասում պայթյունի արդյունքում լուրջ վնասներ կրած տները բնակելի վիճակի բերելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ կան նաև լիաբանանահայ ընտանիքներ, որոնք զրկվել են իրենց կացարանից։

«Ամբողջապես փուլ եկած բնակարանների թիվը մեծ չէ, սակայն շատ են այնպիսի տները, որտեղ ներկա պահին բնակվելն անհնար է։ Ոմանց արդեն իսկ ժամանակավոր կացարան է հատկացվել, սակայն որոշներն էլ մտադիր են տեղափոխվել ժամանակավոր բնակության վայր, որպեսզի մինչ այդ նորոգեն իրենց քանդված բնակարանները»,–ասաց Հավաթյանը։

Հարցին, թե առաջնահերթ ինչի՞ կարիք ունեն լիբանանահայերը, Հավաթյանը պատասխանեց.

«Ներկա պահին դեռևս կարիքների գնահատում է արվում, գույքագրվում են բնակարանների, ազգային, կրթական եկեղեցական, մշակութային կառույցների կրած վնասները։ Արդեն իսկ պետական մարմիններն էլ շրջում են քաղաքում և գնահատում են քաղաքացիների կրած վնասները։ Սակայն հույսը չպետք է դնել միայն պետության օժանդակության վրա, լիբանանահայությունը ավելի քան երբեք, այսօր կարիք ունի համահայկական զորակցության։ Կարիքները շատ են, սակայն առաջնահերթ է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց բնակարանները նորոգել, որպեսզի այդտեղ հնարավոր լինի ապրելը։ Հազարավոր հայ ընտանիքներ կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ հայտնվել էին սոցիալական ծանր կացության մեջ և պայթյունի արդյունքում նրանց վիճակն էլ ավելի վատթարացավ, հետևաբար նրանք կարիք ունեն նյութական տարրական օժանդակության՝ այդ թվում սննդամթերքի, դեղորայքի, բժշկական խնամքի»։

Լիբանանահայ գործիչը հույս հայտնեց, որ այս օրերին աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից ստացված աջակցության խոստումներն իրականություն կդառնան։

Նշենք, որ Լիբանանում ապրում են բազմաթիվ հայեր, որոնք մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում, ինչպես նաև Լիբանանի պետական կառավարման համակարգում։ Հարցին, արդյոք հայկական համայնքն ի զորու է Լիբանանում դարձյալ վերականգնել իր կենսունակությունը, ՀՅԴ–ական գործիչը պատասխանեց.

«Լիբանանահայ համայնքը Սփյուռքում հարուստ կենսափորձ և մեծ ներուժ ունեցող համայնքներից է, որը մեծ դերակատարում ունի երկրի քաղաքական կյանքին, ինչը ինքնանպատակ չէ։ Դրա շնորհիվ լիբանանահայ գաղութը մեծ ջանքեր է գործադրում համահայկական կարևորագույն հարցերի լուծման, Հայաստանի և Արցախի հզորացման առումով և լիբանանահայ համայնքին ցուցաբերվող օժանդակությունը առաջին հերթին հենց զորակցություն է նրա համահայկական դերակատարությանը։ Այս ամենի ֆոնին արդեն մի քանի օր է հայաստանյան լրատվամիջոցներում և սոցցանցերում վերլուծություններ և քննարկումներ են արվում լիբանանահայերի զանգվածային ներգաղթի խնդիրը օրակարգ բերելու համար, սակայն պետք է բոլորն իմանան, որ դա ոչ միայն չի նպաստում այսօրվա իրավիճակին, այլ ընդհակառակը՝ մեծապես վնասում է լիբանանահայ համայնքի ընդհանուր երթին, և այս խուճապահին իրավիճակում հավելյալ խուճապ է ստեղծում լիբանանահայության շրջանում։ Լիբանանահայ համայնքը պետք է մնա և հզորանա, և այսօր պետք է մտածել մեր համայնքի կենսունակության վերականգնման մասին, որը պետք է իրականացվի համահայկական ուժերով։ Իսկ ինչ վերաբերվում է հայրենադարձությանը, ապա, դա ռազմավարական համազգային խնդիր է, որը ոչ միայն լիբանանահայերին է վերաբերում, այլև ողջ սփյուռքին»,–շեշտեց Հավաթյանը։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում