կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 15:56
Հասարակություն

«Նպաստից դեպի աշխատանք» իրական խնդիրները

«Նպաստից դեպի աշխատանք» իրական խնդիրները

Մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներ են շարունակում մնալ՝ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, բավարար քանակի աշխատատեղերի բացակայությունը, տարածքային անհամաչափ զարգացումը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու դրանից բխող՝ աշխատանքի ցածր ձգտումները, աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:

Աշխարհաքաղաքական շարունակվող մարտահրավերների և սոցիալական այս բարձր լարվածության պայմաններում, հաշվի առնելով նաև COVID-19 նոր համավարակի սոցիալ-տնտեսական խորացող հետևանքներն ու անորոշությունը՝ առանց պետության ուղղակի մասնակցության և ակտիվ աջակցության, անհնար է լուծել այս խնդիրները: Այս թեզն ապացուցվում է Հայաստանի անկախացումից հետո անցած ճանապարհով և սոցիալ-տնտեսական առկա վիճակով:

Պարզից էլ պարզ է, որ աղքատությունը չի կարող լինել հայ մարդու «ցանկությունը»: Յուրաքանչյուր բանական հայ մարդ՝ իր չափով ձգտում է չհայտնվել ազքատի կարգավիճակում և ապրել արժանապատիվ կյանքով: Սակայն յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում՝ հիվանդություն, հաշմանդամություն, գործազրկություն, բնակարանի կորուստ, սնանկություն և այլն: Եվ եթե այս դեպքերում բացակայում է պետության համարժեք աջակցությունը, սոցիալական այս ռիսկերից բավարար պաշտպանությունը, ապա միշտ էլ ունենալու ենք այն, ինչն ունենք՝ մեր երկրի բնակչության շուրջ մեկ-քառորդը շարունակելու են աղքատ մնալ:

Ցավոք, ճիշտ հակառակ տեսակետն ունի օրվա իշխանությունը: Դրա վրա էլ կառուցում է իր սոցիալական քաղաքականությունը:
Կառավարության այսօրվա նիստում էլ թարամցվեց այս տեսակետը: Հիմա էլ օրվա իշխանավորները «մտահոգ» են. կան թափուր աշխատատեղեր՝ օրական 8-10 հազար դրամ աշխատավարձով, սակայն դրանք չեն համալրում մեր գործազուրկ հայրենակիցները: Փոխարենը այդ աշխատատեղերը «սիրով» զբաղեցնում են օտարերկրացիները՝ օրական նույնիսկ հինգ հազար դրամ աշխատավարձով: Հետևաբար, առիթը բաց չթողնելով՝ զբաղվածության քաղաքականության պատասխանատուները համոզում են, որ աղքատությունը մարդկանց «ուղեղներում» է: Եվ որպես հավաքական լուծում՝ գործազուրկներին հորդորում են «գլուխներից հանել աղքատությունը, աշխատել և ապրել բարեկեցիկ»:

Իրականում հենց այս օրինակով ապացուցվում է ոչ թե գործազուրկների «մեղավորությունը», այլ զբաղվածության պետական քաղաքականության իրականացման անարդյունավետությունը:

Նախ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար միայն գործազուրկի ցանկությունը բավարար չէ: Շատ դեպքերում գործազուրկի աշխատանքային հմտություններն ու կարողությունները չեն բավարարում գործատուին: Իսկ այս խնդրի լուծման նպատակով կան զբաղվածության պետական աջակցության ծրագրեր, օրինակ՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման պետական ծրագիրը: Մյուս կողմից, գործատուն ձգտում է հնարավորինս քիչ ծախսերով՝ առավելագույն արդյունքի: Հետևաբար, աշխատանքի համարժեք արտադրողականության պարագայում գործատուն աշխատանքի կվերցնի օտարերկրացուն, որը պատրաստ է աշխատել շուրջ երկու անգամ պակաս աշխատավարձով: Այս խնդրի լուծման նպատակով ևս կան զբաղվածության պետական աջակցության ծրագրեր, օրինակ՝ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը: Ավելին՝ օրենքով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի թույլտվության սահմանափակումներ:

Միանգամից փաստենք՝ զբաղվածության պետական աջակցության վերը նշված ծրագրերն իշխանափոխությունից հետո ունեցել են աննախադեպ ցածր կատարողականներ. 2018 թվականին թերակատարվել են շուրջ 75 տոկոսով, իսկ 2019 թվականին՝ շուրջ 50 տոկոսով: Սրա հետևանքով պետական աջակցությունից զրկվել են հազարավոր աղքատ գործազուրկներ, որոնք կարող էին նաև պետական այս ծրագրերի միջոցով օտարերկրացիների փոխարեն զբաղեցնել ներքին աշխատաշուկայում առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը: Այսպիսով կվերանային նաև զբաղվածության ոլորտի քաղաքականության պատասխանատուների «մտահոգությունները»:

Հաջորդը՝ Հայաստանում օտարերկրացի աշխատողների աշխատանքին վերաբերող կարգավորումները թերի են և ունեն ձևական բնույթ: Առկա են օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության բացեր, դրանք իրականացնող մարմինների գործառույթների ու պատասխանատվության ոչ լիարժեքություն, ինչպես նաև աշխատող օտարերկրացիների թվաքանակի աճի միտումներ՝ հիմնականում բանվորական մասնագիտություններով: Այսինքն՝ օտարերկրացիների աշխատանքի կարգավորումներն իրականում չեն ծառայում պետական քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ հնարավոր բոլոր ռիսկերով:

Մյուսը՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախկինում գործող եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցվեց, որի պարագայում աշխատող աղքատների հարկային բեռը մնաց նույնը՝ 23 տոկոս: Նախատեսված չէ նաև եկամուտի չհարկվող շեմ, ասենք օրինակ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով: Փոխարենը էապես նվազեց բարձր եկամուտներ ունեցողների եկամտահարկի դրույքաչափը՝ 36 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փաստորեն, գործատուների համար չձևավորվեց իրական խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունն առաջանցիկ ավելացնելու:

Պարզ են նաև այս մոտեցումների քաղաքական դրդապատճառները՝

-պատասխանատվության առավելագույնս թոթափում, սեփական ուսերից հասարակության վրա տեղափոխելու ձգտում,
-այս ձգտումով սեփական իշխանությունը պահելու և հետո էլ վերարտադրվելու՝ որդեգրված նպատակ,
-ամենակարևորը՝ խոսքից ու ականջահաճո խոստումներից գործին անցնելու և հանրության սպասած իրական արդյունքներն ապահովելու անկարողություն,
-հետևաբար՝ ամբողջությամբ շուկայի «անտեսանելի ձեռքին» ու դրա «գերբնական» ուժին ապավինում, որը նման մոտեցումների պարագայում չի կարող ունենալ որևէ այլընտրանք:

Ամփոփում՝ աղքատ լինելու համար իշխանություններն արդեն մեղադրում են քաղաքացիներին: Մինչև իշխանության գալը քաղաքական այս ուժը սոցիալական խնդիրների համար անսահման մեղադրում էր նախկին իշխանություններին:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող