Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայիս ձեւաչափով լուծման բոլոր փորձերը կտրված տարածաշրջանային գործընթացներից եւ առանց ուսումնասիրելու խնդրի խորությունը, դրա պատճառները եւ հնարավոր հետեւանքները, դատապարտված է ձախողման: Չէ՞ որ ղարաբաղյան հարցը չի ծագել 1991-ին կամ նույնիսկ 1988-ին, Regnum-ի իր հոդվածում գրում է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արա Նռանյանը։
Թուրքիայի հայտարարությունները Բաքվին սատարելու եւ այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն կլինի միայն այն բանից հետո, եթե ղարաբաղյան հիմնախնդրին ադրբեջանամետ լուծում տրվի, ինչպես նաեւ Երեւանը վերցնելու Ադրբեջանի սպառնալիքները, պարզապես ճնշում գործադրելու փորձ չէ կամ սովորական ռազմատենչ հռետորաբանություն, որն ուղղված է ներքին լսարանին: Այս դաշինքի բոլոր քայլերն ու գործողությունները բաց են, իսկ ծրագրերն անկեղծ են: Սա տարածքային հակամարտություն չէ, ինչպես երեւում է կողքից: Եթե սա տարածքային հարց լիներ, ապա երկու ժողովուրդները դեռ շատ վաղուց լուծում կգտնեին, սակայն նույնիսկ դրա բացակայության դեպքում չէր լինի այդ թշնամությունը, ատելությունն ու արյունը, որը երկար տարիներ ուղեկցում է տարածաշրջանը:
Իրականում գոյություն չունի ղարաբաղյան առանձին խնդիր, որպես այդպիսին: Ղարաբաղյան հիմնահարցը հայկական մեծ հարցի մի մասն է, իր պատմական հայրենիքում ապրելու հայ ժողովրդի իրավունքը: Այս իրավունքը երկար տարիներ վիճարկվում է եկվոր թյուրքական էթնոսի կողմից, որն ամեն հարմար միջազգային իրավիճակում եւս մեկ քայլ է կատարում իր ծրագրի իրականացման ուղղությամբ:
Եվ այն ամենը, ինչ նրանք նախաձեռնում էին տարածաշրջանում, նպատակ ուներ հայերից մաքրել Հայկական լեռնաշխարհը` 19-րդ դարի վերջին կոտորածներն ու ջարդերը, 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի մի մասի գրավումը Թուրքիայի կողմից, հարյուր տարի առաջ Ադրբեջանի հայտնվելը քարտեզի վրա եւ հայաբնակ Նախիջեւան ու Ղարաբաղ շրջանները նրան 1921 թվականին հանձնելը (հիշելով միջազգային իրավունքը՝ ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանը լռում է այս պարագայում օտարերկրյա տարածքների ապօրինի բռնակցման եւ գրավման վերաբերյալ), այդ ինքնավարություններում էթնիկ զտումները եւ ժողովրդագրական փոփոխությունները...
Ղարաբաղյան հիմնահարցը փոքր, բայց առանցքային գործոն է ամբողջ տարածաշրջանի համար, որտեղ Ադրբեջանն ընդամենը թուրքական ռազմավարության մարտավարական ֆիգուր է:
Հայաստանի երկարաժամկետ խաղաղությունը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային բարգավաճումը եւ զարգացումը Անկարայում դիտարկվում են որպես իրական սպառնալիք՝ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության համար, որի վրա, ինչպես Դամոկլյան սուր, կախված է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նրանց իրավունքների վերականգնումն ու բարոյական, նյութական, տարածքային փոխհատուցումը հայ ժողովրդի կորուստների համար: Սա նշանակում է, որ Թուրքիայի համար գոյություն ունի միայն մեկ այլընտրանք `Հայաստանի ամբողջական թուլացումը եւ գործնական ոչնչացումը:
Հայաստանն, իր հերթին, հասկանում է, որ Ղարաբաղի կորստից հետո սպառնալիքի տակ կդրվի երկրի գոյությունը, քանի որ կա Ադրբեջանի հետ միավորվելու եւ դեպի հյուսիս ու արեւելք ընդլայնման համար դարպասները բացելու Թուրքիայի անթաքույց ցանկությունը: Հայաստանը չի կարող հանգիստ ապրել, քանի դեռ թուրք-ադրբեջանական տանդեմից ֆիզիկական վտանգի իրական սպառնալիք կա: Իսկ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի հրաժարվել իր հակահայկական քաղաքականությունից:
Իհարկե, բոլորի համար, եւ առաջին հերթին Բաքվի համար, լավագույն եւ գործնական լուծումը կլիներ Ադրբեջանի կողմից ռազմականացումից հրաժարվելը, հակահայկական քարոզչությունից հրաժարվելը, Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամությունը եւ իր արեւմտյան սահմանները սահմանազատելու խնդրանքը: Նման որոշում կայացնելու Ադրբեջանի ներկայիս ռեժիմի պատրաստակամության հարցը հռետորական է... Եվ Անկարան նույնպես նրանց դա թույլ չի տա:
Թուրքիան եւ Ադրբեջանը բաց են խաղում: Թուրքիայի ախորժակները վաղուց հատել են նախկին ԽՍՀՄ սահմանները: Նախկին Միության թյուրքալեզու երկրներում Թուրքիան հսկայական ազդեցություն ունի այդ երկրների քաղաքական, ռազմական եւ գործարար վերնախավերի վրա, որոնց պահվածքն էականորեն փոխվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Թյուրքալեզու շատ պետությունների քաղաքականությունը վաղուց վարում են Անկարային նայելով, որը անխուսափելիորեն այս խաղաղ պետություններին կգցի թուրքական ագրեսիվ էքսպանսիոնիստական պանթյուրքիստական քաղաքականության գիրկը՝ նրանց էթնիկ շահագործմամբ եւ «ավագ» եղբոր հեգեմոնիայով։
Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը հստակ ձեւակերպի իր ազգային արտաքին քաղաքականությունը եւ դրա իրականացման հայտ ներկայացնի իր միջազգային գործընկերներին: Հայկական հարցի լուծումը եւ հայրենիքի նկատմամբ իրավունքների վերականգնումը միշտ եղել են, կան եւ կլինեն ամբողջ աշխարհում հայ ժողովրդի հիմնական գաղափարախոսությունն ու խնդիրը: Միայն Հայաստանի իրավունքների եւ տարածքային ամբողջականության վերականգնումը կարող է ապահովել հայ ժողովրդի երկարատեւ խաղաղությունը, զարգացումը եւ անվտանգությունը:
Թուրքիան անընդհատ հանդես է գալիս եւ պայմաններ է առաջադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ բացարձակապես չգնահատելով Հայաստանի կառուցողական դիրքը: Ամեն ինչ իր տեղը դնելու ժամանակն է՝ Հայաստանն ինքը պետք է Թուրքիայի առջեւ դնի հարաբերությունների հաստատման պայմաններն ու սկզբունքները, որոնք պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն դրանցով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ագրեսիվ քաղաքականության եւ ռազմատենչ հռետորաբանության մերժման, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքի ճանաչման, իրենց երկրում խաղաղության եւ բարիդրացիության քարոզչության, ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու, տրանսպորտային հաղորդակցությունների բացման եւ այլ պահանջներ: Հայաստանի հարաբերությունները այլ երկրների հետ պետք է կառուցվեն ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ նրանց դիրքորոշումից, իսկ նոր արտաքին քաղաքականությունը պետք է վարել ոչ միայն պետական ռեսուրսների, այլեւ Սփյուռքի ուժերի ամբողջական համախմբմամբ:
Անկախության տարիների ընթացքում հայերը ապացուցել են, որ իրենք հուսալի եւ հիմնական գործոն են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար: Հայաստանը նաեւ պետք է հայտարարի անհրաժեշտության դեպքում տարածաշրջանային նավթի եւ գազի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու իր պատրաստակամության մասին:
Թուրքիայի էքսպանսիոնիստական եւ պանթյուրքիստական նկրտումները միայն առաջին հայացքից են նրան նախաձեռնողականություն եւ առաջնահերթություն տալիս: Իրականում, նրա քաղաքականությունը կարող է հանգեցնել գործընթացի արագացման (օրինակ՝ Նախիջեւանը Հայաստանի սպառնալից փափուկ փորատակից կարող է մի քանի օրում վերածվել մեծ թակարդի՝ ադրբեջանա-թուրքական սպառազինությունից ավարով): Չնայած հսկայական նյութական, մարդկային եւ ռազմական ռեսուրսներին, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը ի վիճակի չեն հակամարտության ռազմական լուծմանը: Այո, նրանք կարող են սպանել անզեն խաղաղ բնակիչներին, իրականացնել էթնիկ զտումներ, հրահրել սահմանային զինված բախումներ կամ կացնահարել քնած մարդուն: Բայց նույնիսկ հարյուր տարի առաջ Հայաստանը՝ լի փախստականներով, համաճարակներով, աղքատությամբ եւ քաղցով, վատ զինված, հաջողությամբ մարտնչում էր մի քանի ճակատներում եւ կարողացավ պահպանել անկախ պետությունը: Այսօր, իր բոլոր խնդիրներով ու թերություններով հանդերձ, հայկական պետությունը, հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփյուռքում, բարոյահոգեբանական եւ ռազմական-կազմակերպչական առումով (եւ ոչ միայն), պատրաստ է իրականացնել նոր լայնածավալ նախագիծ` վերականգնելու պատմական արդարությունը: Վճռական, հավակնոտ եւ գրագետ ազգային քաղաքական էլիտայի ղեկավարությամբ երկիրը եւ ժողովուրդը ի վիճակի են նոր խնդիրներ լուծել:
Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատի Վրաստանի հետ: Իրավիճակի աբսուրդն այն է, որ թեև Հայաստանը միակ հարևանն է, որն անկեղծորեն շահագրգված է ուժեղ և ինքնիշխան Վրաստանով` ազատ թյուրքական լծից, իրականում Միության փլուզումից հետո արտաքին ուժերի կողմից վրացական հասարակությունում հետևողականորեն ներդրվեցին հակահայկական տրամադրություններ: Գոհունակությամբ պետք է նշել, որ Վրաստանի և Հայաստանի ղեկավարները մշտապես վարել են հավասարակաշռված քաղաքականություն, սակայն համագործակցությունը պետք է լինի ավելի սերտ, բազմակողմանի, բաց և իսկապես եղբայրական:
Շատ կարևոր է ավելացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկխոսության ինտենսիվությունն ու խորությունը և սկսել ակտիվ երկխոսություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ:
Սակայն առաջին հերթին փոխադարձ հարգանքի, անկեղծության, վստահության և համագործակցության նոր մակարդակի վրա պետք է բարձրացվեն հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Փոխադարձ մեղադրանքները և նեղացվածությունը, հաճախ կողքից արհեստականորեն նեդրդվող կամ սադրվող, այս գործում լավագույն ընկերը չեն: Ով ում է ավելի շատ պետք, կարևոր կամ «պարտք»` սա հայ-ռուսական հարաբերությունների միակողմանի և պարզեցված դիտարկում է, որը տեղ չունի ռազմավարական դաշինքում: Երկու կողմն էլ անհրաժեշտ են իրար, չէ որ արտաքին քաղաքականությունը, հատկապես` ռազմավարական գործընկերությունը, միակողման ճանապարհ չեն:
Բարեբախտաբար, երկրների ղեկավարությունները երբեք չեն ունեցել նման հռետորաբանություն և փոխադարձ վստահության մակարդակը միշտ եղել է բարձր: Սակայն համատեղ գլոբալ նախագծերի իրագործումը դնում է նոր խնդիրներ:
Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնցից յուրաքանչյուրը իր դաշնակցի անվտանգության համակարգի մի մասն է, եւ միասին աշխատում են զարգացման, ինտեգրման, կայունության եւ անվտանգության ուղղությամբ: Բայց նոր կոնֆիգուրացիայի անհրաժեշտությունը տարածաշրջանում հասունանում է, եւ դա պահանջում է հետեւողական, ամենօրյա եւ օպերատիվ աշխատանքներ՝ բոլոր ուղղություններով: Հայկական հարցի վերադառնալը օրակարգ, Թուրքիայի վրա ճնշում գործադրելն ու նրա առաջ պայմաններ դնելը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական մասնատման ներքաղաքական ռիսկերը համաշխարհային տերություններին կհանգեցնեն տարածաշրջանի նոր տեսլականի: Քանի որ ինչպիսին էլ լինի տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիան եւ ազդեցության ոլորտների նոր վերաբաշխումը, կայունությունը եւ կանխատեսելիությունը ամենակարեւորն են, իսկ ներկայիս իրավիճակի պահպանումը չի կարող ապահովել դրանք: Տարածաշրջանային հիմնախնդիրների համապարփակ լուծմամբ միջազգային համաժողովը կարող է ապահովել երկարատեւ խաղաղություն: Թուրքիան՝ իր ագրեսիվ քաղաքականությամբ, եւ այլատյացության ու ատելության վրա հիմնված իշխող ռեժիմով Ադրբեջանը ոչ միայն չեն կարող խաղաղություն ապահովել, այլեւ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային կայունության համար: Այս ապակառուցողական տանդեմին «կփրկի» միայն Նյուրնբերգյան նոր դատավարությունը:
Հ. Գ. Այժմ բոլորը խոսում են Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Ոմանց համար սա Թուրքիայի ներքին գործն է, մյուսների համար սա ափսոսանքի առիթ է, երրորդների համար սա սադրանք է: Իրականում, սա շատ լավ առիթ է եւս մեկ անգամ հիշելու պատմությունը, որպեսզի ապագայում ավելի խելացի որոշումներ կայացվեն: Բոլորը պետք է մտածեն դրա մասին` հայերը, վրացիները, հույները, եվրոպացիները, ռուսները... Հարկ է հիշել, որ բյուզանդական անհեռատես քաղաքականության պատճառով դեպի Բյուզանդական կայսրության արեւելք փոքր պետությունները թուլացան եւ գործնականում անհետացան, ինչի արդյունքում օսմանցիների համար բացվեց ճանապարհը դեպի արեւմուտք: Հիշեք խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի թալանը, Եվրոպայի անտարբերությունը Մեհմեդ Նվաճողի կողմից քաղաքի պաշարման ընթացքում, Վիեննայի թուրքական պաշարումը եւ Միջերկրական ծովում եվրոպական նավատորմների հետ պատերազմները, ռուս-թուրքական պատերազմները, 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմները... Շատ բան կարելի է հիշել, բայց կարծես թե դա ընդունված չէ վերջին ժամանակներս: Նույնիսկ ոչ հեռավոր տարիների իրադարձությունները հեշտությամբ մոռացվում են, եւ պատմությունը վերանայվում է հօգուտ քաղաքական կոնյունկտուրայի...
Սուրբ Սոֆիայի տաճարը լուծում ունի: Կոստանդնուպոլիսը պետք է դառնա իսկապես բազմամշակութային քաղաքակրթության կենտրոն, միջազգային պրոտեկտորատ ունեցող քաղաք-պետություն՝ հույների, հայերի եւ թուրքերի տեղական համայնքների ինքնակառավարմամբ: Ուղիղ 100 տարի առաջ մոտավորապես դա էլ ենթադրվում էր 1920-ի օգոստոսի 10-ի Սեւրի խաղաղության պայմանագրով: