կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 17:23
Աշխարհ

Բախումներ հրեաների ու մուսուլմանների միջև` Տաճարի լեռան վրա

Բախումներ  հրեաների ու մուսուլմանների միջև` Տաճարի լեռան վրա

Այսօր` հուլիսի 30-ին, Երուսաղեմի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել հրեաների ու մուսուլմանների միջև. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է mignews.com-ը:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` 5 պաղեստինցի է ձերբակալվել Ալ Աքսայի մզկիթում:

Առավոտյան հերթեր են գոյացել լեռան վրա, որովհետև, կորոնավիրուսով պայմանավորված, ոստիկանությունը թույլատրել է 20 հոգանոց խմբերի մուտքը: Պաղեստինցիները փորձել են չթույլատրել հրեաների ներկայությունը Տաճարի լեռան վրա:

ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել չհեռանալ Տաճարի լեռից և արգելել հրեաների աղոթքն այնտեղ: Հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ «սիոնիստները շարունակում են   իրականացնել Ալ Աքսայի գրավման ու պղծման իրենց ծրագրերը»:

Հորդանանի ԱԳՆ-ն է անդրադարձել միջադեպին` դատապարտելով հրեաների բարձրանալը Տաճարի լեռան վրա: Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը «թույլատրել է հարյուրավոր հրեա ծայրահեղականների, իսրայելական ոստիկանության պաշտպանության տակ, ներխուժել Ալ Աքսայի մզկիթը»:

«Այն, ինչ այսօր տեղի է ունեցել Ալ Աքսայում, ամբողջ աշխարհի մուսուլմանների զգացմունքներն է վիրավորում»,- ասել է  Հորդանանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա նախազգուշացրել է հետևանքների մասին և կոչ արել հարգել մզկիթի կարգավիճակը: Հորդանանը դիվանագիտական ուղիներով պաշտոնական նոտա է հղել և կոչ արել Իսրայելին` «հարգել հավատացյալների զգացմունքներն ու դադարեցնել սադրանքները»: