Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԲՀԿ կողմից ՍԴ մուտքագրված դիմումը վարույթ ընդունելու հարցով դատարանը դեռևս որոշում չի կայացրել, Yerkir.am-ին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Դեռևս դրա վերաբերյալ որևէ որոշում դատարանը չի կայացրել։ Ըստ օրենքով սահմանված ընթացակարգի՝ նման դիմումների համար նախատեսվում է քսանօրյա ժամկետ նախնական ուսումնասիրության համար, որը կարող է դատարանի աշխատակարգային նիստով երկարացվել», - ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն ՍԴ դիմում էր ուղարկել՝ վիճարկելով Սահմանադրությունը փոփոխելու մասին խորհրդարանի կողմից ընդունված նախագծի սահմանադրականությունը: Վերջինովս նախատեսվում է չեղարկել դրույթը, որով ուղղակիորեն նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկել Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդի ստորագրությունը։ Դիմումը ՍԴ-ին է հանձնվել 26 պատգամավորի ստորագրությամբ։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բացի՝ այն ստորագրել է անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Իրավաբանական հանրույթում տարբեր կարծիքներ կան առ այն, թե քանի պատգամավորի ձայն է անհրաժեշտ ՍԴ դիմելու համար։ Մի մասը պնդում է, որ նվազագույնն անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։