կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 11:52
Իրավական

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, հսկող դատախազն այն վերադարձրել է ՀՔԾ`լրացուցիչ քննության. Դատախազություն

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, հսկող դատախազն այն վերադարձրել է ՀՔԾ`լրացուցիչ քննության. Դատախազություն

Հատուկ քննչական ծառայությունը  ավարտ է հայտարարել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքնությունը:

Դատախազությունը մեղադրական եզրակացությունը չի հաստատել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-ասաց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ դատախազի որոշմամբ՝ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանը կալանավորված էր, սակայն վերջերս գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից: