կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 13:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հիմա էլ կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ

Կառավարության պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված փոխվել է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

«Այսօր առավոտյան, միջազգային լրատվությանը հետևելով արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ դիմակների հետ կապված ուղերձը նոր փոխվում է։ Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո, ընդունում է, որ դիմակները լինեն պարտադիր և կրվեն», - նշեց նա։

Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից տեղեկացավ, որ կա դիմակների ավելցուկ՝ դրանք ավելի շատ են, քան վաճառվում է։

«Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, թանկ են ներկրվել, իսկ տեղական դիմակները 60 դրամ են, հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Մեկ խմբաքանակ Հայաստանից արտահանում արդեն կատարվել է դիմակների՝ 60 դրամով, մյուս խմբաքանակի համար ևս հայտարարվել է։ Հիմա երկու խնդրի առաջ ենք կանգնած։ Եթե չենք թույլատրելու դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով ավելի էժան գներով վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը։ Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մի քանի ամսից, որ ավելի կէժանանա», - ասաց Գևորգյանը։

Վարչապետը այլ եզրակացություն արեց․ «Հասկանալով դիմակների գների բարձր լինելը՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն, կարող են տնային պայմաններում կարված դիմակներ կրել։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ»։

Նա հետևությունն արեց՝ զուտ նայելով շուկայում դիմակների սպառման ծավալներին․ «Մեզ պետք չէ նույնիսկ գնալ փողոցում մոնիթորինգ անել, տեսնում ենք, թե երկրում ամեն օր քանի դիմակ է սպառվում ու մեզ համար պարզ է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, և մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են»։

Հիշեցնենք, որ կառավարությունը նախ՝ հայտարարում էր, որ դիմակները նույնիսկ վնասակար են, հետո կոչ արվեց դիմակ կրել՝ պատճառաբանելով ոչ թե օդակաթիլային վարակից պաշտպանվելը, այլ ձեռքով դեմքին հպվելուց խուսափելը, հետո հայտարարվեց, որ դիմակներն անհրաժեշտ են, քանի որ վիճակագրությունը փաստում է՝ որտեղ դիմակ կրելուն խիստ են հետևում, վարակի թվերը նվազում են, հետո նշվեց, որ պարտադիր չէ դիմակները գործարանային արտադրության լինեն, տանը՝ կտորից կարված դիմակներն էլ են արդյունավետ պաշտպանում, հետո հայտարարվեց, որ գործարանային դիմակներն  ավելի արդյունավետ են, այսօր էլ՝ կոչը բացառապես գործարանային դիմակներին անցնելն էր։

Մանրամասն՝ տեսանյութում․