կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 16:26
Հասարակություն

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատկացվել է 149 հազար ԱՄՆ դոլար՝ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատկացվել է 149 հազար ԱՄՆ դոլար՝ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով

Ս.թ. հունիսի 26-ին հեռավար եղանակով պաշտոնապես մեկնարկեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում  ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:  

Ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծել աշխատանքի բացառիկ հնարավորություն` խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի և ձեռներեցության զարգացումը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ 

Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչներով: Առաջին բաղադրիչի շրջանակում 60 մարզաբնակ երիտասարդներ կմասնակցեն  Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետների կողմից անցկացվող ՏՏ գծով վեցամսյա դասընթացների, որոնց կհաջորդի երկամսյա աշխատանքային պրակտիկա այդ ընկերությունների մարզային մասնաճյուղերում: Երկրորդ բաղադրիչը նախատեսում է  մարզաբնակ 40 երիտասարդների համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնես պլանավորման գործնական դասընթացների կազմակերպում, որը վերջիններիս կընձեռի սեփական բիզնես սկսելու և զարգացնելու հնարավորություն:   

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկան «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»ՓԲԸ-ի, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և այլ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները։ 

«Մենք HSBC-ում քաջ գիտակցում ենք, որ երկրի տնտեսական զարգացումը անհնարին է պատկերացնել առանց համայնքների տնտեսական զարգացման: Ծրագրի շրջանակներում 100 մարզաբնակ երիտասարդների կընձեռվի ՏՏ և ձեռներեցության ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու և դրանք իրենց հարազատ համայնքներում կիրառելու հնարավորություն: Սա մեծ քայլ է թիրախային մարզերում գործազրկության նվազեցման և  համայնքների երկարատև տնտեսական զարգացման ապահովման  ուղղությամբ», - ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբին արդյունավետ համագործակցության և ծրագրի իրականացումը հիմնադրամին վստահելու համար։ Վերջինս ընդգծեց, որ ծրագիրը ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծելու է ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև տրամադրելու է ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար  աջակցության զանազան գործիքներ, ինչը կօգնի երիտասարդներին կյանքի կոչել իրենց բիզնես նախագծերը։