կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 09:25
Առանց Կատեգորիա

Իշխանությունները կխուսափե՞ն անակնկալներից․ ե՞րբ պատրաստ կլինի ՍԴ նոր կազմը. «Ժողովուրդ»

Իշխանությունները կխուսափե՞ն անակնկալներից․ ե՞րբ պատրաստ կլինի ՍԴ նոր կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ եւ ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները: Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, եւ 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի: Ընդ որում, այս փոփոխությունները բավականին արագ են կատարվելու, եւ Ազգային ժողովի կողմից նախագծի հրապարակումից հետո պատգամավորները խորհրդարանում արդեն փակ գաղտնի քվեարկությամբ կարող են ՍԴ նոր անդամներ ընտրել:

Հավելենք, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են մինչեւ այդ ունենալ ՍԴ նոր կազմ, որպեսզի խուսափեն անակնկալներից, քանի որ չի բացառվում՝ այժմյան կազմով այն հակասահմանադրական ճանաչվի, եւ այդ դեպքում քրեական գործը կկարճվի:

Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ երեկվա դրությամբ իմքայլականները չունեին թեկնածուներ եւ այդ առումով բուռն քննարկումների մեջ էին՝ այդպես էլ չիմանալով՝ ում առաջադրել միանգամից երեք տեղի համար: Ընդ որում, ընտրությունը պետք է կայանա նույն օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում