կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 20:51
Քաղաքական

Հակաօրինական քայլերով չես կարող երկրում օրինականություն հաստատել. Իշխան Սաղաթելյան

Հակաօրինական քայլերով չես կարող երկրում օրինականություն հաստատել. Իշխան Սաղաթելյան

Մենք  մեկ տարի շարունակ խոսում ենք այս գործընթացներից եւ ամեն ինչ շատ պարզ է` իշխանությունը որեւէ բանի առաջ չի կանգնում, հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար եւ այսօրվա քվերակությունը եւս դրա պացույցն  էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը այս նախագծի ընդունումը, ի թիվս այլոց, որակեց սահմանադրական կարգի տապալման հավասար գործողություն:

«Չի կարելի այս ճանապարհով հարցեր լուծես, հակաօրինական քայլերով չես կարող երկրում օրինականություն հաստատես: Իրենք սա մեկնաբանում են իբրեւ երկրում օրինականություն եւ արդարադատության համակարգը առողջացնելու ծրագիր»,-ասաց նա:

Նրա խոսքով`ՀՅԴ-ն ակնկալիք ունի, որ խորհրդանական ընդդիմությունը` ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կօգտվի իր իրավունքից եւ Սահմանադրական դատարան կդիմի. «Դա ամբողջապես բխում է իրենց էս ժամանակահատվածի գործողություններից, հայտարարություններից, որովհետեւ իրենք էլ են կիսում այն կարծիքը, որ սա կահաօրինական պրոցես է: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ պետք է օգտվի բոլոր հնարավոր միջոցներից երկրում տեղի ունեցող պրոցեսների դեմն առնելու եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:

Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հիշեցնենք, որ ՍԴ 9 անդամներից միայն 3-ն ենպաշտոնավարել 12 տարուց ավելի: Հրայր Թովմասյանը պաշտոնավարել է ընդամենը 2 տարի, հետեւաբար, ըստ այս նախագծի նա կմնա ՍԴ դատավոր:

Սահմանադրության այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ ձայնով: