կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 23:40
Առանց Կատեգորիա

COVID-19-ը ախտորոշելու համար միայն թեստավորումը և ռենտգեն հետազոտությունը բավական չեն. բժիշկ-թերապևտ

COVID-19-ը ախտորոշելու համար միայն թեստավորումը և ռենտգեն հետազոտությունը բավական չեն. բժիշկ-թերապևտ

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«COVID-19-ը մեծ աղետ է ամբողջ աշխարհի համար։ COVID-19-ի տարածման 7-8 (իսկ Հայաստանում 3,5) ամիսների ընթացքում անընդհատ ի հայտ են գալիս մի շարք նոր կլինիկական ախտանիշներ, որոնք բարդացնում են բուժման գործընթացը։

COVID-19-ի ժամանակ թոքերի ախտահարումը ամենատարածված և վտանգավոր համախտանիշն է և կարող է բերել սուր շնչառական դիսթրեսի և հանգեցնել մահվան։

COVID-19-ի ժամանակ թոքերի ախտահարումը թոքաբորբ չի կարելի անվանել, ինչպես իմ գերմանացի գործընկերներն են ասում են, դա թոքերի ինքնավնասման կամ հեմոֆագոցիտար համախտանիշ է։ Քանի որ այդ ախտահարման հիմքում ընկած է ոչ թե բորբոքում, այլ խթանված վիրուսի կողմից թոքերի մազանոթների աուտոիմուն ախտահարում և միկրոտրոմբերի առաջացում, որն էլ և բերում է թոքերի շնչառական մակերեսի նվազեցմանն և թթվածնային քաղցի իր վերը նշված հետագա բարդություններով։

Այսինքն, զարգանում են թոքերի անոթների վասկուլիտ և տարածուն միկրոթրոմբոզ, որոնց կլինիկական և լաբորատոր արտահայտումն է «ցիտոկինային փոթորիկը», և որոնք էլ, այսպես կոչված, ատիպիկ թոքաբորբի պատկեր են տալիս համակարգչային շերտագրության (ՀՇ) ժամանակ»։

Ուստի վարակակրի աուսկուլտատիվ տվյալները և ռենտգեն հետազոտությունը քիչ ինֆորմատիվ կլինեն։ Ռենտգեն հետազոտության ժամանակ մենք կարող ենք ստանալ ատիպիկ թոքաբորբի շատ սակավ և անուղակի տվյալներ, օրինակ՝ բրոնխովասկուլյար անոթավորման ուժեղացման կամ մանր ֆիբրոզ օջախների առաջացման պատկեր։ COVID-19-ով պայմանավորված թոքաբորբի հավաստի ախտորոշումը դրվում է միայն ՀՇ տվյալներով։

Այս դեպքում ՀՇ պատկերը ցույց է տալիս թոքերի օդակրության իջեցում, բազմաօջախային, պոլիսեգմենտար, սուբպլևրալ, երկկողմանի, «մշուշապատ ապակու» տեսքով ախտահարված օջախներ, միջբլթային միջնապատերի հաստացումով և օջախների միաձուլումով կամ համախմբումով։ Եթե վերը նշվածին միանում են նաև բակտերիալ կամ սուպեր ինֆեկցիաներ, ավելանում են էքսուդատիվ պլևրիտ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, բազմաթիվ թոքային միկրոհանգույցներ, որոնք նման են «բողբոջող ծառին», պնևմոթոռաքս և այլն։ COVID-19-ը ախտորոշելու համար՝ միայն թեստավորումը և ռենտգեն հետազոտությունը բավական չեն, քանի որ ունենում ենք դեպքեր, երբ բացասական թեստի պարագայում թոքերի ՀՇ արդյունքում հաստատվում է երկկողմանի ատիպիկ վիրուսային թոքաբորբ 30%-ից ավել ախտահարումով։

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ պետք է համատարած բոլոր կասկածելի դեպքերը, անգամ անախտանիշ և թեթև ընթացք ունեցողները անցնեն ՀՇ հետազոտություն, քանի որ գանգանտ չունեցողները չեն չափում ամեն օր ջերմություն և ուշադրություն չեն դարձնում թեթև շնչառական կամ այլ ախտանիշների վրա, այդ իսկ պատճառով իրենց անախտանիշ համարել չենք կարող։ Վիրուսը կարող է, օրինակ, 8-12 օր հետո դուրս գալ օրգանիզմից, թեստը լինի բացասական, սակայն այն իր «սև գործը» գուցե արդեն արած լինի:

Այդ իսկ պատճառով բոլոր վարակակիրները պետք անցնեն ՀՇ և ցանկալի է ՊՇՌ- թեստավորում կամ ԻՖԱ հետազոտություն, վարակակիր լինելու փաստը հաստատելուց հետո պարտադիր պետք է մեկուսացնել և բուժել։

Ինչ վերաբերում է բուժվելուց հետո թոքերի վերականգմանը՝ հավաստի տվյալներ դեռ չկան: Որքան շատ ախտահարված լինի թոքը, օրինակ 40-70%, այնքան ավելի դժվար կվերականգնվի, բայց կա տեղեկատվություն, որ բուժվելուց հետո նվազում է թոքի ֆունկցիայի մոտ 20%։ Իսկ հեռակա հետևանքները, կարծում եմ, պարզ կլինեն COVID-19-ը հաղթահարելուց 6-12 ամիս հետո։ Առողջություն բոլորիս։ Եղեք տեղեկացված, պաշտպանպանված, զգոն և լավատես»: