կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 13:39
Մշակույթ

Հայ ջութակահարուհին հաղթել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում

Հայ ջութակահարուհին հաղթել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում

Հայ ջութակահարուհի Դիանա Ադամյանը հաղթել է Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթում. այս մասին ասվում է միջոցառման պաշտոնական կայքում:

Հունիսի 6-ին Հայաստանում մեկնարկած մրցույթն անցկացվել է «ջութակ» մասնագիտացմամբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առցանց ռեժիմով: Տեխնոլոգիական նորամուծություններ են օգտագործվել, մասնավորապես՝ հեռավոր ձևաչափով՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների շնորհիվ միասին ելույթ են ունեցել մենակատարը եւ նվագախումբը:

«Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթողները: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը, երկրորդը՝ դանիացի Մայքլ Հերմերը: Երրորդ տեղը շնորհվել է շվեդ Լորենց Կարլսին եւ թայվանցի Բել Թինգին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ֆելիքս Հարությունյանը, դափնեկրի դիպլոմ է ստացել:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Երաժշտական մրցումների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Դրա կազմակերպիչը «Արամ Խաչատրյան Մրցույթ» մշակութային հիմնադրամն է: Միջոցառումը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Տարբեր տարիներին Խաչատրյան մրցույթի հաղթողներ են դարձել հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը եւ Անդրեյ Իոնիցան, դիրիժոր Միրան Վոպոտիչը, ջութակահարներ Ֆյոդոր Ռուդինը եւ Յարոսլավ Նադրժիցկին: