կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 14:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաստատվելուց 1 շաբաթ առաջ վարակված եմ եղել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածության թեսթի դրական պատասխանն ինձ մոտ եկավ մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, հաջորդ կիրակի՝ բացասական, սա նշանակում է, որ ես դրանից առաջ առնվազն 1 շաբաթ եղել եմ կորոնավիրուսով վարակված՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ինչպե՞ս վարչապետը վարակվելուց մեկ շաբաթ հետո արձանագրեց հիվանդությունից ազատվելու հանգամանքը և ինչքան է տևել վարակված լինելու և չիմանալու ժամանակահատվածը։

«Լավ լուրը հետևյալն է, որ արդեն մայիսի 23-ից ոչ մի տեղ առանց դիմակի չեմ եղել, բացի իմ ընտանիքի անդամների հետ շփվելուց։ Կարևոր է, որ ում հետ շփվել եմ, նրանցից ոչ մեկ չի վարակվել»,-վստահեցրեց Փաշինյանը։

Ուրիխանյանն, ամեն դեպքում անհանգիստ է, քանի որ վարակի հաստատումից մեկ օր առաջ վարչապետը թուղթ է փոխանցել իրեն։

Փաշինյանն ասաց՝ Ուրիխանյանը կարող է 14 օր սպասել և թեսթ հանձնել՝ համոզվելու համար, որ առողջ է․ «Բայց, այդ օրն էլ եմ դիմակով եղել, ինչքան հիշում եմ․․․»։

Արցախի նախագահի երդմնակալության միջոցառումներին մասնակցելու ժամանակ հնարավոր վարակված լինելու մասին Փաշինյանն ասաց․ «Եթե ենթադրենք, որ վարակված եմ եղել մայիսի 20-ին և Արցախի նախագահի երդմնակալությանը մասնակցել եմ արդեն վարակված, ապա փակ տարածքում Արցախի երրորդ նախագահի հետ դիմակով է եղել իմ շփումը և, փառք Աստծո, 14 օր անցել է և ախտանիշ չկա»։

Շուշիում հայտնի աղմկահարույց միջոցառմանը առանց դիմակի մասնակցելու մասին Փաշինյանը դարձյալ ասաց, որ դա ամբողջությամբ տեղի է ունեցել այդ պահին Արցախում գործող իրավակարգավորումների շրջանակում, թեև գիտենք, որ այդ պահին Արցախում սահմանվում էր, որ հանրային միջոցառումներին 20 հոգուց ավելի մարդ իրավունք չուներ մասնակցելու։

«Եթե ենթադրենք, որ ես այդ օրը վարակված եմ եղել, ինձնից ձախ եղել է ԱԺ նախագահը, ինձնից աջ եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, դրանից հետո 14 օր անցել է և ոչ մեկը չեն վարակվել, որովհետև այդ ողջ ընթացքում բնազդային զգուշությունը և հեռավորությունների պահպանում թույլ է տրվել»,-վստահեցրեց Փաշինյանը։

Ուրիխանյանին նաև հետաքրքրեց, թե ինչու չեն արվում լայնամասշտաբ դեզինֆեկցիայի աշխատանքներ, քանի որ դրա վրա ծախսվող գումարները մեծ արդյունք կբերեն։

Փաշինյանն ասաց, որ դեզինֆեկցիայի մասշտաբները մեծացնելու մասին առաջարակը ի գիտություն կընդունեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17։00-ն և օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստը եթե չառարկի, այն կմնա ուժի մեջ: Նշենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 612–ով։

Մանրամասն՝ տեսանյութում․